Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոխորհրդարանը կոչ է արել Թուրքիային՝ առերեսվել սեփական անցյալի հետ. «Բլումբերգ»

11:26, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
Եվրոխորհրդարանը կոչ է արել Թուրքիային՝ առերեսվել սեփական անցյալի հետ. «Բլումբերգ»

«Բլումբերգ» գործակալությունն, անդրադառնալով երեկ Եվրոխորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձևին, գրում է. «Եվրոխորհրդարանը երեկ՝ ապրիլի 15-ին, կոչ է արել Թուրքիային ընդունել իր պատասխանատվությունը՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիների հայերի նկատմամբ իրականացրած կոտորածի պատմական փաստերի վերաբերյալ:

Եվրոխորհրդարանն իր բանաձևով կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ առերեսվել սեփական անցյալի հետ, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այդպիսով ուղի հարթել հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման համար:

Եվ չնայած Թուրքիան արդեն տարիներ շարունակ փորձում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ՝ այս բանաձևը երկրի իշխանություններն ընդունել են որպես սադրանք, իսկ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ ինչ էլ որ Եվրոխորհրդարանն ասի, «իրենց մի ականջով մտնելու է, իսկ մյուսով՝ դուրս գա»:

100 տարի առաջ Օսմանյան թուրքերի տիրապետության օրոք 1.5 միլիոն հայ զանգվածային սպանդի է ենթարկվել: Չնայած Թուրքիան ընդունում է, որ այդ տարիներին եղել է հայերի կոտորած, սակայն հրաժարվում է այդ ամենը կոչել ցեղասպանություն»:

Աղբյուրը հավելում է նաև, որ այլ հարցեր նույնպես, մասնավորապես՝ Հյուսիսային Կիպրոսի գրավումը Թուրքիայի կողմից և երկրում քաղաքացիական և քաղաքական ազատությունների վատթար վիճակը խոչընդոտում են Թուրքիայի մուտքը Եվրոմիություն, որի համար բանակցությունները սկսվել են դեռևս 2005թ.:

7644 | 0
Facebook