Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ասեմ, որ հետո չասեք՝ չասաց». Արա Պապյան

18:18, կիրակի, 23 հունիսի, 2024 թ.
«Ասեմ, որ հետո չասեք՝ չասաց». Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի գրառումը․ «Ասեմ, որ հետո չասեք՝ չասաց։
     ՀՀ գործող սահմանադրությունը սկսում է այս բառերով․
     «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները․․․»։
     Այսպիսով, հղման միջոցով ՀՀ անկախության հռչակագիրը մաս է կազմում ՀՀ սահմանադրությանը։ ՀՀ հռչակագրի մեջ առնվազն երեք կետ կա, որոնք անընդունելի են Բաքվի և Անկարայի համար։ Դրանք են (երկուսը նախաբանի մեջ, մեկն առանձին կետով)․
     «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»,
     «զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները»,
     «11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
     Քանի որ ՀՀ անկախության հռչակագիրը ենթական չէ փոփոխության, ապա նիկոլականներն ի կատարումն Բաքվի և Անկարայի հանձնարարականի պիտի փոփոխություն կատարեն ՀՀ գործող սահմանադրության մեջ և ՀՀ անկախության հռչակագրի հղումն հանելով ՀՀ սահմանադրությունից դուրս թողնեն վերոհիշյալ կետերը։ Հանձնարարականը նոր սահմանադրության մասին, արդեն իսկ տրված է։
     Դա անելու են ՀՀ նոր սահմանադրության մեջ Եվրոմիության անդամակցությունն իբր որպես նպատակ ամրագրելու միջոցով։ Հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասն իրավացիորեն նախընտրելու է Եվրոանդամակցության նպատակը ռսակառույցների մեջ մնալուց, ապա ՀՀ սահմանադրության նախաբանից հանելու են ՀՀ անկախության հռչակագրի հղումը և ավելացնելու են Եվրոմիության անդամակցության նպատակը։ Նիկոլակաների և առդիր սազանդարների քարոզչության առանցքը լինելու ԵՄ անդամակցության նպատակի ամրագրումը, բայց չի խոսվելու ՀՀ անկախության հռչակագրի հղման վերացման մասին։
     Եղեք ուշադիր։ Եթե ՀՀ նոր սահմանադրության կամ սահմանադրության փոփոխված տարբերակում կպահպանվի ՀՀ անկախության հռչակագրի հղումը, ապա քվեարկեք ըստ Ձեր համոզմունքների։ Եթե ոչ՝ դեմ քվեարկեք, քանի որ դա արդեն ոչ թե Ձեր համոզմունքները կլինեն, այլ Բաքվի և Անկարայի հանձնարարականների կատարում»։

Աղբյուրը` Արա Պապյան
4081 | 2
Facebook