Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով

10:18, ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
«Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով

Դուք լավ գիտեք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, ինչպես բոլորը գիտեն, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, նրա շարժման կարգախոսը «Ելք» էր՝ ելք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։ Այս մասին Известия-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Վարչապետ դառնալուց հետո ես շատ լավ եմ հիշում, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս հանդիպել է նրա հետ, ամեն կերպ նշել, որ մենք կառաջնորդվենք ոչ թե նախկին ինչ-որ փորձով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես Հայաստանի ղեկավարությունը կկառուցի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն կառույցներ են, որոնք սկզբունքային են Հայաստանի, նրա տնտեսության զարգացման, Հարավային Կովկասում նրա մեկուսացումը թույլ չտալու համար: Եվ հենց այս հունով էին հարաբերությունները զարգանում մինչև 2020 թվականը, երբ սկսվեց հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվ այդ ժամանակ Փաշինյանը դիմեց Պուտինին, և դուք գիտեք, թե ինչպես էր նախագահը բառացիորեն գիշերը՝ ջանք ու եռանդ չխնայելով, պայմանավորվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կանգնեցնելու այդ պատերազմը։ Եվ հետո սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, ընդհանուր առմամբ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները համաձայնեցվեցին մեր ակտիվ նախաձեռնողական դերակատարմամբ։ Եվ դրան զուգահեռ Փաշինյանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարթակում աշխատելու գաղափարի գլխավոր կողմնակիցն էր։ Նրանք այնտեղ պարբերաբար այցելել են՝ ի վնաս այն հանդիպումների, որոնք ծրագրվել էին Ռուսաստանում։ Բայց 2022 թվականին Պրահայում, այսպես կոչված, եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում, որը նույնպես Մակրոնի հնարքն է, նրանք փաստաթուղթ ստորագրեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և մեզ ոչ ոք չտեղեկացրեց։ Այնուհետև Պուտինը հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանին ասաց․ «Մենք զարմացանք, որ դուք այդպես որոշեցիք»։ Ոչ մի բացատրություն չեղավ։ Երբ նա ստորագրեց, որ այդ տարածքն Ադրբեջանի մի մասն է, կարգավիճակի հարցը վերացավ։ Գիտեք՝ ես նույնպես շփվել եմ Նիկոլ Վովաևիչի հետ, երբ մեկնում էի Երևան տարբեր նիստերի, և ինձ թվում էր, թե, այնուամենայնիվ, նա հասկանում է Հայաստանի օգուտը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից։ Բայց հիմա հայ պաշտոնյաները՝ և՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, և՛ խորհրդարանում, ուղիղ ասում են, որ պետք է ավելի շատ ապավինել Եվրոմիությանը, որ ՀԱՊԿ-ը, իբր, չի կատարում իր պարտավորությունները Հանրապետության առջև։ Այսինքն, ըստ էության, Հայաստանի ղեկավարությունում արտահայտում են գաղափարներ, որոնք նման են այն գաղափարներին, որոնցով Փաշինյանը ձևավորում էր իր «Ելք» շարժումը։ Ես վստահ եմ, որ դա չի բխում հայ ժողովրդի և մեր շահերից՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում բնակվող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսանկյունից»,- ասել է Լավրովը։

26919 | 0
Facebook