Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ կապված Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողություն իրականացնելու` Իսրայելի ծրագրերի հետ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել Արաբական լիգային և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրատապ միջոցներ ձեռնարկել Ռաֆահ քաղաքում «ցեղասպանությունը կանխելու» համար, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
«Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտում է Իսրայելի ծրագրած ռազմական հարձակումը Ռաֆահ քաղաքի վրա, որտեղ ավելի քան 1,7 միլիոն պաղեստինցիներ են կենտրոնացված, և պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ մոտալուտ հումանիտար աղետից խուսափելու համար»,- ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Սաուդյան Արաբիան զգուշացնում է Ռաֆահին հասցված հարվածի «ծայրահեղ վտանգավոր հետևանքների» մասին: Արտաքին գործերի նախարարությունը քաղաքն անվանել է հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների վերջին ապաստանը, որոնք Իսրայելի ագրեսիայի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները։
Փետրվարի 9-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց Ռաֆահ քաղաքում լայնածավալ գործողություն սկսելու մտադրության մասին։ Նա բանակին հանձնարարել է բնակչության տարհանման և ՀԱՄԱՍ-ի գումարտակները ոչնչացնելու ծրագիր տրամադրել։ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ օպերացիան աղետ կլիներ, եթե իրականացվեր հիմա։