Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես ստեղծվեց Սևանի ռազմական նավատորմը

19:54, կիրակի, 14 հունվարի, 2024 թ.
Ինչպես ստեղծվեց Սևանի ռազմական նավատորմը

Քչերը գիտեն, որ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին՝ 1919 թվականին, մի շարք հանգամանքներից ելնելով, Սևանա լճում ստեղծվել է ռազմական նավատորմ։ նավատորմը իր ռազմական նշանակությունը պահպանել է ընդամենը մեկ տարի, Հայաստանի խորհրդայնացումից հետո նավատորմի նավերը օգտագործվել են բեռնափոխադրումներրի համար։ Ըդհանուր առմամբ, նավատորմը բաղկացած է եղել 7 նավից, որոնցից 2-ը` խոշոր, 5-ն` ավելի փոքր նավեր էին։ Նավատորմը գոյատևել է մինչև 1950-ական թվականներ և վերացվել է, երբ կառուցվել է Սևանից դեպի Վարդենիս ձգվող ճանապարհը։

Սևանի նավատորմի Գեղանուշ նավը
Սևանի նավատորմի Գեղանուշ նավը

     20-րդ դարի սկզբին Սևանա լճում ռազմական նավատորմ կառուցելու պատճառը 1918-1919 թթ․ Գեղարքունիքում սկսված թաթարական ապստամբություններն էին և հայ-թաթարական բախումները, որոնք պատմության մեջ մտել են «Զոդ» օպերացիա անվամբ։
     1918 թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի հարավարևելյան հատվածում սրվեց հերթական կոնֆլիկտը. Վարդենիսի (այն ժամանակ` Բասարգեչար) շրջանի թաթարները խռովություն բարձրացրին ՀՀ իշխանությունների դեմ, հարձակումներ գործեցին շրջանի սակավաթիվ հայկական բնակավայրերի վրա՝ սպանելով և ունեզրկելով մարդկանց: Ապստամբության կենտրոն դարձնելով Զոդ (այժմ՝ Սոթք) գյուղը՝ մահմեդական առաջնորդները տարածաշրջանը հայտարարում են Ադրբեջանի մաս: Այս նպատակին հասնելու համար թաթարները նախապատրաստվում էին լուրջ գործողությունների․ կենտրոնացրել էին շրջանի մահմեդական գյուղերի երիտասարդությանը, Ադրբեջանից բերել էին հազարավոր վարձկան զինվորների՝ զինված հրացաններով և գնդացիրներով։
«Զոդ»-ի դավադրության կազմակերպիչները՝ Սամանդ աղա Քյասամանսկին և Բոյոք Սաֆար աղան
«Զոդ»-ի դավադրության կազմակերպիչները՝ Սամանդ աղա Քյասամանսկին և Բոյոք Սաֆար աղան

     Հասկանալով ստեղծված վիճակի լրջությունը՝ նորանկախ Հայաստանի կառավարությունը լուրջ միջոցներ է ձեռնարկում ապստամբությունը տեղում ճնշելու ուղղությամբ։ Իրականացվում է «Զոդ» ռազմական օպերացիան, որը համակարգում էր գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը և տեղում գլխավորում էր Սարդարապատի հերոս, գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանը։
«Զոդ» օպերացիան գլխավորած գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանը
«Զոդ» օպերացիան գլխավորած գեներալ-մայոր Դանիել Բեկ-Փիրումյանը

     Օպերացիան սկսվել է 1919 թ․ ապրիլի 14-ին և ավարտվել ապրիլի 18-ին, ինչի արդյունքում հայկական վերահսկողության տակ է անցել Սևանի ողջ ավազանը, շրջանը մաքրվում է ապստամբական ուժերից և Ադրբեջանից ներթափանցած զինված վարձկաններից, վերացվում է հայկական գյուղերի շրջափակումը։ Ըստ առկա տվյալների՝ հայկական կողմը ունենում է շուրջ 23 սպանված և 31 վիրավոր։
«Զոդ» օպերացիայի համակարգող գեներալ -լեյտենանտ Մովսես Սիլիկյանը
«Զոդ» օպերացիայի համակարգող գեներալ -լեյտենանտ Մովսես Սիլիկյանը

«Զոդ» օպերացիայի ավարտից հետո միջոցներ ձեռք առնվեցին Սևանի լճային նավատորմի ստեղծման համար, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1919 թ. սեպտեմբերի 12-ին։ Հայաստանի առաջին հանրապետության շրջանում Սևանի նավատորմը ղեկավարել է լեյտենանտ Նիկիֆորակին, ապա՝ լեյտենանտ Տարանովսկին, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ կապիտան Երվանդ Գասպարյանը։

Սևանի նավատորմի պետ Երվանդ Գասպարյանը
Սևանի նավատորմի պետ Երվանդ Գասպարյանը

6340 | 1
Facebook