Ղազախստանը սկսել է դեպի Չինաստան նոր երկաթուղու կառուցումը, որը 20 մլն տոննայով կավելացնի երկրների միջև բեռնաշրջանառությունը։ Այս մասին հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։ «Աբայի շրջանում սկսվել է 272 կմ երկարությամբ Բախտի-Այագոզ երկաթուղային նոր գծի շինարարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իշխանություններն ակնկալում են, որ նոր գիծը կավելացնի բեռնաշրջանառությունը Ղազախստանի և Չինաստանի միջև ներկայիս 28 միլիոնից մինչև մոտ 48 միլիոն տոննա, կթեթևացնի խցանումները հարավային անցակետերում և կներգրավի տարանցման լրացուցիչ ծավալներ։ Նախատեսվում է, որ երկկողմանի երկաթուղին շահագործման կհանձնվի 2027 թվականին։
Շինարարության ընթացքում կկառուցվեն 11 կայան, 47 կամուրջ, 23 երկաթուղային և 8 ճանապարհային անցում, 5 հետիոտնային կամուրջ, 16 դիտորդական կառույց։