Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եռակողմ համաձայնագրերը մնում են ուժի մեջ». Զախարովա

20:48, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ.
«Եռակողմ համաձայնագրերը մնում են ուժի մեջ». Զախարովա

Երևանում որոշ քաղաքական գործիչներ դժգոհություններ են հայտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու` Ռուսաստանի ջանքերից և 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով խոսում են եռակողմ համաձայնագրերի «անարդյունավետության» մասին, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ։
     «Հարկ ենք համարում պարզաբանել այս հարցերը։
     Եռակողմ համաձայնագրերի շարքը, որը բաղկացած է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին արված հայտարարություններից, Բաքվի և Երևանի միջև հաշտեցման ոչ այլընտրանքային «ճանապարհային քարտեզ» է։ Այն ընդգրկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր առանցքային ոլորտները՝ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի կնքում և հասարակության և փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացում: Այս համաձայնագրերը մնում են ուժի մեջ, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը դրանց վերաբերյալ։
     Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը, մենք չափազանց վտանգավոր ենք համարում այս կարևոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Նման քայլն անխուսափելիորեն կբերի լուրջ ռիսկերի, առաջին հերթին` հենց Հայաստանի համար։ Արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ հնարավոր չի լինի կանգնեցնել այդ մարտահրավերները։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանի և Հարավային Կովկասի այլ պետությունների համար, նրանց խնդիրն այլ է` մեզ և տարածաշրջանային մյուս խաղացողներին դուրս մղել, լարվածության նոր օջախ ստեղծել Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում»,- նշել է նա:

3434 | 1
Facebook