Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դպրոցականները դեռ երկու ամիս դասագիրք չեն ունենա. արտառոց իրավիճակ. «Ժողովուրդ»

09:30, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ.
Դպրոցականները դեռ երկու ամիս դասագիրք չեն ունենա. արտառոց իրավիճակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս ուսումնական տարին սկսվեց սկանդալով. դպրոցահասակների համար նախատեսված դասագրքերը Կրթության և այլ ոլորտների նախարարությունը չի հասցրել տպագրել: Երեկ հայաստանյան շատ դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը՝ ասելով, թե դասագրքեր չկան, «դասից կփախչեն»։

Տարբեր ահազանգերի հետևից գնալով՝ պարզեցինք, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է անցած տարվա նոյեմբերին անցկացներ մրցույթը, սակայն բավարար հայտեր չլինելու պատճառով մրցույթները հետաձգվել են։ Եւ նախարարությունը անհրաժեշտ բարեխղճությամբ չի գործել, դրա համար էլ կրթական տարին սկսվեց առանց դասագրքերի:
     Նախարարությունից պարզաբանեցին, որ գրքերը էլեկտրոնային տարբերակով հասանելի են նախարարության և ԿՏԱԿ-ի (Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կայքում։ Դպրոցներին հորդորել են գրքերը տպել և բաժանել երեխաներին, մինչև գրքերը տպագրված կլինեն:

Այս իրավիճակը, ըստ նախարարության, ամենաքիչը կտևի 2 ամիս, գրքերն այդ ընթացքում տպագրվելու են և բաժանվելու դպրոցներին։ Շատ դպրոցներում աշակերտներին ասել են, որ կարող են «Զանգակ» կամ այլ գրախանութներից ավելի շուտ գնել դասագրքերը, մինչև դրանք դպրոց կհասնեն:

Մեզն դիմած ծնողներն ասացին, որ որոշ դպրոցներում էլեկտրոնային գրքերը տրվել են ծնողներին և հրահանգել տպել, որ կարողանան երեխաները դպրոց գալ։ Սեպտեմբերի 1-ի նախօրեին դպրոցներում հրավիրվել են ծնողական ժողովներ, ծնողներին ասել են՝ եթե անհրաժեշտություն լինի, կբաժանվեն անցած տարիների դասագրքերը։

Հավելենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը «Զանգակ-97» ՍՊԸ-ի հետ կնքել է 9 մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ դասագրքեր և այլ ուսումնական նյութեր մատակարարելու համար։ «ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ԱՁ-ի հետ կնքել է 360 հազար դրամ կազմող պայմանագիր՝ դասագրքերի մատակարարման համար։ Դասագրքեր ձեռք բերելու համար պայմանագրեր են կնքվել նաև «ՖԻԼԻՆ»՝ 7 մլմ 700 հազար դրամ, և «Արևիկ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ՝ 1 մլն 729 հազար դրամ արժողությամբ։ Բրալյան տառատեսակով դասագրքերի ձեռք բերման պայմանագիրը կազմել է 12 մլն 844 հազար դրամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից։ Գրախանութներում կատարած շրջայցից հասկանում ենք, որ նախարարության ֆինանսական միջոցներով տպված գրքերը վաճառվում են գրախանութներում, սակայն դպրոցներում չկան: Ինչու, ինչպես՝ անհասկանալի է։

2018 թվականից մինչև 2022 թվականը ԿԳՄՍ նախարարությունը ընդհանուր առմամբ դասագրքերի տպման և հրատարակման համար ծախսել է 4 մլդ 403 մլն 612 հազար դրամ։ Ամեն տարի հրատարակվել են գրքեր, որոնք բաժանվել են Հայաստանի և Սփյուռքի դպրոցներին։
     Նախարարությունից մեզ ասացին նաև. «Պատճառներից մեկն այն է, որ մենք դասագրքաստեղծ փորձ չունենք, մեր երկրում 10-15 տարուց ավել նման դասագրքեր չեն ստեղծվել, և նաև դա էր պատճառը, որ մեր փորձագիտական հանրույթի կողմից բավարար հայտեր չենք ստացել»։

Ամեն տարի կատարվող միլիարդավոր ներդրումներից հետո, նախարարությունը հաշվի չառնելով ծրագրի ռիսկերը, ներդրել և գործարկել է նոր չափորոշիչներ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանի աշակերտների համար, որոնք չի կարողանում կյանքի կոչել: Եթե երկու ամսից գրքերը հրատարակվեն, ապա նախարարությունը երևի կսկսի խոսել ծրագրի հաջողությունների մասին, սակայն ինչ հաջողություն պիտի լինի, եթե ծրագիրն արդեն իսկ ձախողված է։ Իսկ նախարար Ժաննա Անդրեասյանը դեռ պաշտոնավարում է․․․»։

Մանրամասները՝ թերթի համարում։

4616 | 4
Facebook