Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Բաց նամակ Վահագնին, ով Արցախում է` շրջափակված». Հայկ Պետրոսյան

03:06, կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ.
«Բաց նամակ Վահագնին, ով Արցախում է` շրջափակված». Հայկ Պետրոսյան

Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը գրել է. «Բաց նամակ՝ Վահագնին #միտքսարցախին
     Այս նամակը գրում եմ մի պահի մեջ, երբ նորապսակները տորթը կտրել են և պարում, ուրախանում են DJ-ի աղմկոտ ռիթմերի ներքո իրենց ընկերների հետ, ես էլ նստած եմ խոհանոցին կից երաժիշտների սենյակում և մտածում եմ իմ մարտական ընկերոջ` Վահագնի մասին, ով Արցախում է` շրջափակված, երևի մի վտանգված ու ինձ անծանոթ լռության մեջ:
     Գրում եմ քանի որ բացի հեռախոսազանգերից ուզում եմ նաև հրապարակավ ասել, որ ես իր հետ եմ և ոչ միայն ես , մեր բոլոր մարտական ընկերերը և շատ ու շատ մարդիկ, որոնց նա չի ճանաչում, մարդիկ որոնք օր ու գիշեր ճգնում են, որպեսզի գտնեն կյանքի ճանապարհը բացելու հնարը` բանալին:
     Երկու խոսք Վահագնի մասին.
     Խիստ հայացք ունի, կրակոտ աչքեր, երբեք չեմ լսել որ ձայնը բարձրացնի , շատ համարձակ է ու պարտաճանաչ, ունի վարակիչ ինքնավստահություն, մեր ընկերական շրջապատում բոլորս էլ գիտենք իր քաջության մասին , անձամբ ինձ համար մեր ժամանակների Մոնթեանման մի կերպար է Վահագնը, պինդ տղա` ազատամարտիկ: Մասնակցել է թե ապրիլյան, թե 44 օրյա պատերազմներին ու տարբերվել է, թե իր վճռական քաջությամբ, թե իր զգաստացնող համեստությամբ: Վահագնը այն տղաներից է որ կարող են առաջնորդել մարտը և ում հետևից կգնան մարտիկները:
     Գալով նամակիս:
     Վահագ ջան, իմ ախպեր, օր չկա որ մտքիս չլինես, վայրկյան չկա, որ չուզենամ քեզ զանգահարել , միշտ աչքիս առաջ ես, ուղղակի բաներ կան հեռախոսով չի լինում ասել, հուսամ սխալ բան չեմ անում բաց նամակ գրելով:
     Հիշում եմ մեր հանդիպումը չքնաղ Թաղավարդում `պատերազմի ժամանակ, մեր խրամատին հասար, իրար պինդ գրկեցինք, չեմ էլ հիշում ինչ էինք խոսում ճիշտն ասած, բայց հիշում եմ որ բոլորս էլ շատ ոգևորվել էինք որ եկար , թեկուզ կարճ ժամանակով: Ես հիշում եմ մեր խոսակցությունները պատերազմից հետո, հայրենիքի, հայի , պայքարի ու մեր անելիքների մասին, հիշում եմ որ պատմեցիր , որ լուսահոգի հորդ գերեզմանը մնացել է Հադրութում և դու պիտի վերադառնաս քո տուն. աչքերդ կրակով լցվեցին ու էդ պահին ես էլ ուզեցի վերադառնալ քո տուն , որտեղ ես երբեք չեմ եղել, ես տեսա այդ տունը. քո տունը , իմ տունը , մեր տունը:
     Հիշում եմ վերջին հանդիպումը Երևանում քո Արցախ մեկնելուց առաջ, մինչև շրջափակումը, կարոտով մնացինք ախպերս... մոտս տպավորություն էր որ ինչ որ կարևոր բան էլ պիտի ասեմ քեզ , բայց չէի հասկանում թե ինչ, մեր անցյալներում շատ են չասված կարևոր խոսքերը:
     Վահագ ջան , տղերքը լավ են , կապը պահում ենք, այնքան հաճախ չենք հանդիպում ինչքան , որ կուզեինք, քանի որ Երևանում բոլորս ապրում ենք մի խելագար, լարված և երբեմն գռեհիկ վազվզոցի մեջ` հաճախ չհասկանալով թե վերջը ուր ենք ուզում հասնել, բայց առիթներ լինում են : Վերջին անգամ տղերքին տեսա մեր լուսահոգի բժիշկ Հայկոյի հիշատակին նվիրված հուշաքարի բացմանը, որ մեր հրետանավոր Արեգն է քանդակել ու նվիրել Աղբալյանի անվան դպրոցն ավարտած և կռվի ժամանակ հերոսաբար ընկած տղերքին , ի թիվս որոնց մեր Հայկը, որպեսզի կողքով անցնող աշակերտները չմոռանան ու ճանաչեն կյանք տված տղերքի անուններն ու գործը:
     Հայկի պապան մահացավ, սիրտը չդիմացավ : Հայկի մամայի հետ խոսեցի , ցավակցեցի, ասաց - չդիմացավ... գնաց Հայկի մոտ ... էհ... ասաց, ես էլ եմ ուզում գնալ , բայց պիտի ապրեմ... այդպես էլ չգտա մոր սիրտը մխիթարող խոսքեր, միթե կան այդպիսիք:
     Երբեմն թվում է թե անհնար է դիմանալ այս իրականության մեջ, բայց անելիքները շատ են ` տխրելու ու դարդոտվելու ժամանակ էլ սկի չկա:
     Իմ գործերը, փառք Աստծո, լավ են, նորմալ, աշխատում եմ ամեն օր , ժամանակը չի հերիքում, մի մեծ բան եմ մտածել Կոմիտասի հետ կապված , առաջ Աստված, թե կյանքն ու կամքը հերիքի շատ կուզեմ իրականացնել` երազանքի պես մի բան ա : Անին լավ ա , բարևում ա քեզ , ասում ա « պինդ կաց» , Ճուտը( Արինեն) ` հարգելով Գալուստ Սահակյանի այն խոսքը , որ երեխաները պարտավոր են մեծանալ` արագ տեմպերով մեծանում ա, արդեն խոսում ա ու մանկապարտեզ գնում, ամեն օր մի փոստ բան անում ա ու մեզ բոլորիս երջանկացնում:
     Իմ փոքրիկ աղջկան նայելիս Արցախի երեխաներն են մտքիս գալիս...
     Վահագ ջան ուզում եմ իմանաս , որ շատ մարդիկ կան , ովքեր ամեն օր պայքարում են , ամեն օր փորձում են ելքեր գտնել , ապրում են Արցախով, որ ապրի Արցախը, ես հիանում ու հայանում եմ նրանցով:
     Եվ ես հույս ունեմ ու հավատում եմ որ այս պայքարը վաղ թե ուշ պիտի հաջողի, ես հույս ունեմ ու հավատում եմ , որ հանունը կհաղթի ընդդեմին, հույս ունեմ ու հավատում եմ , որ մենք պիտի էլի հանդիպենք ու պինդ գրկենք իրար ինչպես Թաղավարդում ախպեր ջան, տղերքով մի սեղանի շուրջ կնստենք , կհիշենք , կտխրենք ու կուրախանանք միասին: Ես հույս ունեմ ու հավատում եմ, մենք կամ մունք կմիավորվենք և էլ չեն լինի սահմաններ և բաց կլինեն ճանապարհները , ես հույս ունեմ ու հավատում եմ , որ կգնանք ձեր տուն , կայցելենք լուսահոգի հորդ շիրիմը , խունկ կվառենք , աղոթք կասենք և քո աչքերի կրակը կխաղաղվի հանդարտեցնող արցունքով ախպերս:
     Ամենածանր բաներից մեկը անորոշությունն է , բայց այն վերանում է երբ հասկանում ես որ քո ճանապարհի անունն է «Պայքար» : Պայքար հանուն ըններոջ, ընտանիքի, հայրենիքի և ազատության, միթե հնարավոր է ապրել այս խելագար աշխարհում առանց պայքար:
     Քո պայքարը շատ ավելի ծանր է քան իմը, բայց դու շատ ավելի ուժեղ ես քան ես: Իմ ուժն էլ քո հետ է եղբայր ջան, մեր բոլորի ուժը քեզ հետ է , ինչպես ասում է մեր Անտառ Ռուբոն « Աղավնին է խաղաղության խորհրդանիշը, բայց Արծիվներն են բերում խաղաղությունը» դու Արցախի արծիվներից ես Վահ ջան այնպես որ պինդ կաց, պինդ կացե՜ք:
     Ամուր գրկում եմ , ավելորդ զգացմունքայնության համար ներող, թե դու թե ընթեցողը. Մինչ , այնքան սպասված, հանդիպում: Բաբոյին ու Ձեդոյին ջերմ բարևներ:)
     Կապով:
     ՀԳ
     Վահագին հատուկ չեմ նշում որ խնդիրներ չառաջանան, հաշվի առնելով բեղավոր գլուխ սոխի եվ մորուքավոր թամադայի մտածելակերպը, բայց նշում եմ Միտքս Արցախին #միտքսարցախին էջը և առաջարկում, որ դուք էլ բաց նամակ գրեք ձեր Արցախում շրջափակված հարազատին, այնտեղից պատասխան նամակ ակնկալելով:
     Աստված բոլորիս հետ, չհանձնվենք որ չհանձնենք:
     ՀԳԳ
     Ճիշտ է հարսանիքն արդեն ավարտվել է և ես տանն եմ , բայց առիթից օգտվելով նորապսակներին մաղթում եմ բարի բախտ, փախադարձ հոգատարություն և անվերապահ սեր ու երջանիկ կյանք հայրենի հողի վրա, ի դեպ այս հարսանիքին Արցախից էլ հարազատներ պիտի ներկա լինեին , բայց ... բայց և էլի բայց:
     Պինդ կացեք»:

Աղբյուրը` Հայկ Պետրոսյան
9926 | 2
Facebook