Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՐԱՏԱՊ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս». Թագուհի Թովմասյան

00:42, հինգշաբթի, 16 մարտի, 2023 թ.
«ՀՐԱՏԱՊ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառումը. «Ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա․ ՀՐԱՏԱՊ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։
     Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:
     Հրատապ գրություններով դիմել եմ միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե Ալիևի ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախը՝ «Ադրբեջան», թե արդեն շուրջ 100 օր Արցախի շրջափակմամբ՝ հումանիտար աղետի ծանրագույն հետևանքներով, և թե Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Արցախի Հանրապետության շփման գծերի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակած ծանր տեխնիկայով։
     Ադրբեջանի ագրեսիայի և ցեղասպան քաղաքականության շարունակականությանն են ծառայում միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկման բացակայությունը կամ սին դատապարտումները:
     Փաստ է այն, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ, այլև չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։
     Միջազգային գործընկերներից խնդրել եմ գործուն և կանխարգելիչ քայլերի իրականացում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից պլանավորված հնարավոր էսկալացիայի կանխմանը, թույլ չտալու հայերի նկատմամբ նոր ցեղասպանության իրագործումը:
     Հ.Գ. Հուսամ՝ ՀՀ սահմանի ողջ երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդները և Արցախի սահմանները հսկող ռուս խաղաղապահ զորակազմը տեղում իրավիճակը ճիշտ կգնահատեն՝ դրանից բխող պատժիչ հետևանքներով»:

6929 | 0
Facebook