Ուիլ Սմիթն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում 1997-ին թողարկված «Just the Two of Us» հիթը կատարում է հայ բաս-կիթառահար Էլեն Ալավերդյանի նվագակցությամբ:
«Ուաո՜ւ, Էլեն, ֆանտաստիկ է: Դու հրաշալի ես»,- տեսանյութին կից գրել է Սմիթը:
«Ուիլ Սմիթ, շնորհակալ եմ այս հրաշքի համար»,- արձագանքել է Էլենը՝ հոլիվուդյան աստղի հետ տեսանյութը հրապարակելով իր էջում:
Էլենն ավելի վաղ՝ հունվար ամսին, տեսանյութ էր տեղադրել, որտեղ կիթառով կատարում էր Սմիթի «Just the Two of Us» հիթը:
Էլեն Ալավերդյանը երաժշտական ընտանիքից է: Նրա պապիկը «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, երգիչ Սարգիս Ալավերդյանն է, հայրը՝ Հովակը, կիթառահար է:
10-ամյա Էլենն ընտանիքի հետ բնակվում է Լաս Վեգասում: Աղջիկը տարբեր փորձարկումների արդյունքում է գտել իր գործիքը: Նախ նվագել է դաշնամուր, ուկուլելե, կիթառ ու թմբուկ:
Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա մեծապես ազդել է հայրը, ոգեշնչել են նաև լեգենդար բասիստ Բութսի Քոլինզը, ջազի աստղ Ռիչարդ Բոնան եւ Վիկտոր Վուտենը: