Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը Մոսկվան է». Նարինե Մկրտչյան

23:36, ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ.
«ՀՀ-ում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը Մոսկվան է». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Հայաստանի հանրության շրջանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում:

Նմանօրինակ դիմակայության համար առիթներ միշտ էլ կարող են գտնվել այն հանրության մոտ, որը զուրկ է քաղաքական կողմնորոշիչներից և որի հանրային ընկալումները խիստ պարզունակ են:

Նման հանրությունը չի հանդուրժում ամենասովորական այլակարծությունը, իսկ բազմակարծությունը համարում է քայքայիչ աղանդ: Նման հանրության մոտ ժողովրդավարության խնդիրներին նվիրված համաժողովները կարող են ընթանալ առանց բազմակարծության, առանց լրագրողների և փակ դռների հետևում:

Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման պատճառը միայն առաջին հայացքից է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարությունը: Ի վերջո, ԱՄՆ-ը ՀՀ նախկին բոլոր կառավարությունների հետ աշխատել է, աշխատում է ներկա կառավարության հետ և աշխատելու է հաջորդ կառավարության հետ, եթե, իհարկե, Հայաստանը կարողանա պահպանել անկախ պետականությունը:

Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման առաջին պատճառը թերևս այն է, որ Հայաստանի ռուսական ընդդիմությունն սկսել է մտահոգվել, թե իբր Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական ուղղություն՝ վեկտոր է փոխում՝ հակվելով դեպի Արևմուտք և հեռանալով Ռուսաստանից:

Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական ուղղությունը չփոխեց ո՛չ աղետաբեր պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան Անկարայի և Ադրբեջանի հետ դավադրություն էին նյութում ընդդեմ Հայաստանի և Ղարաբաղի: Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտոր չփոխեց, երբ ռուս խաղաղապահներին լցրեց Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտոր չփոխեց, երբ իշխանության եկավ՝ շարունակելով Հայաստանը սեղմած պահել ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ճիրաններում:

Նիկոլ Փաշինյանն արևմտյան քաղաքական ուղղություն չի կարող փոխել նաև այն պատճառով, որ Արևմուտքը նրա համար նույնքան անարժեք է, որքան անարժեք է այն ամենը, որից նա առանձապես շատ բան չի հասկանում:

Հայաստանի ռուսական ընդդիմության անհանգստության և Արևմուտք-Ռուսաստան դիմակայության սրացման պատճառն այն է, որ ընդդիմությանը թվում է, թե Արևմուտքն է Նիկոլ Փաշինյանի իշխանության երաշխավորը: Իրականում Հայաստանում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը միշտ էլ Մոսկվան է:

Արևմուտք-Ռուսաստան այս դիմակայությունը Հայաստանում արհեստականորեն է հրահրվում, մանավանդ որ Հայաստանը դեռ կմնա ռուսական ուղեծրում: Մանավանդ որ, Հայաստանում արևմտականությունը մի ոտքով ռուսականության վրա է հենված:

Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունն իրական կարող է դառնալ միայն այն ժամանակ, երբ սկիզբ առնի Հայաստանի և հայ հանրության ապառուսականացումը:

Հիմնական խնդիրը սա է. Հայաստանում ցանկացած քաղաքական փոփոխություն և յուրաքանչյուր հեղափոխություն անհեռանկար է, եթե փոփոխությունների հիմքում չի դրվում ՀՀ արտաքին քաղաքականության վերանայման և Հայաաստանի ապառուսականացման կարևոր խնդիրը»:

3022 | 1
Facebook