Պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի ՀՅԴ-ից հրապարակային վիրավորանքների համար։ Նման որոշում է կայացրել դատավոր Ավագ Գաբրիելյանը:
Այս մասին տեղեկանում ենք Datalex-ի դատական տեղեկատվական համակարգից:
2019 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Բաբաջանյանը կուսակցությանը անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:
Դատարանը Բաբաջանյանին պարտավորեցրել է հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես փոխհատուցում բռնագանձել 1 դրամ (խորհրդանշական):
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում Բաբաջանյանը պետք է ուղիղ եթեր մտնի ֆեյսբուքյան իր էջում և ասի հետևյալ խոսքերը․ «Ներողություն եմ խնդրում «Դաշնակցությունից» և կուսակցության Գերագույն մարմնից ՝ 06.12.2019 թ. Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում վիրավորական արտահայտությունների համար»։
Բաբաջանյանը պարտավորվում է ուղիղ եթերի տեսանյութը պահպանել իր էջում։
Դատարանի հրապարակած որոշման մեկ այլ տարբերակով՝ Բաբաջանյանը պետք է ասուլիս հրավիրի առնվազն 4 հեռուստաալիքների մասնակցությամբ, որոնց հեռարձակումը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքում, և ասի նույն տեքստը։
Որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին, սակայն ուժի մեջ է մտնում 15 օրից: Այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։