Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անընդունելի է, երբ ԲԴԽ հեղինակավոր անդամները ենթարկվում են իշխանության կամակորություններին»․ Երեմ Սարգսյան

23:48, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Անընդունելի է, երբ ԲԴԽ հեղինակավոր անդամները ենթարկվում են իշխանության կամակորություններին»․ Երեմ Սարգսյան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացարձակ անընդունելի է, երբ ԲԴԽ հեղինակավոր իրավաբան-գիտնական անդամները ենթարկվում են օրվա իշխանության կամակորություններին։
     Հեղինակավոր իրավաբան-գիտնականին ընտրում են ԲԴԽ անդամ, որ իր հեղինակությամբ և գիտելիքներով, ինչպես նաև անցած ճանապարհով ու կայացվածությամբ երաշխիք լինի դատական իշխանության անկախությանը (իրենց վրա իբրև պետք է հնարավոր չլինի մասնագիտական առումով ազդեցություն ունենալ և կարծիք պարտադրել)։
     Այս առումով նշեմ, որ դատական համակարգը բուռը հավաքելու իշխանական հայտարարությունների ֆոնին հետաքրքիր իրավիճակ է ձևավորվել՝ քաղաքացիական մասնագիտացմամբ իրավաբան-գիտնականները կարգապահական պատասխանատվության են ենթարկում քրեական մասնագիտացմամբ հեղինակավոր դատավորին/ներին/՝ դատական ակտը «չափից շատ պատճառաբանելու» համար։
     Քիչ առաջ էլ կարդացի, որ ArmDaily.am-ի հարցին, թե արդյոք առաջիկայում ԲԴԽ-ն նիստ է հրավիրելու Վարդազարյանի կասեցրած լիազորությունները վերականգնելու համար՝ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ այն որոշումը, որ եղել է, ունի բողոքարկման ժամկետ, և այն դեռ ՈՒԺԻ ՄԵՋ ՉԻ ՄՏԵԼ, երբ կմտնի օրինական ուժի մեջ, արդեն ավտոմատ կվերականգնվեն իր լիազորությունները։
     Իրականում քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
     Այսինքն՝ այդ որոշումը կայացման պահից արդեն իսկ ՄՏԵԼ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ՝ անկախ նրանից, որ այն ենթակա է նաև բողոքարկման։
     Իհարկե՝ նորմալ եմ համարում, որ քաղաքացիական մասնագիտացմամբ իրավաբան-գիտնականը կարող է չիմանալ այդ մասին (օրինակ՝ ես քաղաքացիական իրավունքին մակերեսային եմ տիրապետում)։
     Բայց բացարձակ աննորմալ է, որ քաղաքացիական մասնագիտացմամբ գիտնականները նման վստահությամբ և միահամուռ կերպով կարգապահական պատասխանատվության են ենթարկում քրեական մասնագիտացմամբ դատավորին/ներին/, այն դեպքում, որ նույն ԲԴԽ քրեական մասնագիտացմամբ անդամները դեմ են արտահայտվել այդ որոշմանը։
     Մնում է հասկանալ, թե ոչ քերական մասնագիտացմամբ հեղինակավոր իրավաբան-գիտնականների համար այդ ո՞վ է նման ավելի հեղինակավոր կարծիք հայտնել»։

3044 | 0
Facebook