Չինաստանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերվել է զարմանալիորեն լավ պահպանված 26,5 միլիոն տարվա հնության ռնգեղջյուրի գանգ: Այս մասին Հայտնում է Communications Biology ամսագիրը:
Գիտնականները գիտությանը մինչ այս անհայտ տեսակին անվանել են Paraceratherium linxiaense: Բացահայտումը ցույց է տալիս, որ այս անկոտոշ ռնգեղջյուրները Երկրի պատմության մեջ ամենամեծ կաթնասուններից մեկն են եղել:
Թեպետ դժվար է մեկ գանգից պարզել կենդանու ճշգրիտ չափը, բայց հետազոտողները ենթադրում են, որ ռնգեղջյուրների ուսի հատվածի բարձրությունը հասել է 4,8 մետրի, ինչը համապատասխանում է ժամանակակից ամենամեծ ընձուղտի բարձրությանը: Նկատենք, որ ժամանակակից ռնգեղջյուրների աճը չի գերազանցում 2 մետրը:
Հայնտաբերված կենդանու մոտավոր քաշը կարող էր կազմել 11-ից 20 տոննա, ինչը համապատասխանում է 3-5 աֆրիկյան փղերի քաշին:
Գիտնականները ենթադրում են, որ այս արարածները ժամանակին գաղթել են Մոնղոլական լեռնաշխարհից դեպի հյուսիս-արևմտյան Չինաստանի և Ղազախստանի տարածք, այնուհետև՝ Պակիստան: