Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ի կոչը Հայաստանին և Ադրբեջանին

00:05, շաբաթ, 15 մայիսի, 2021 թ.
ԵՄ-ի կոչը Հայաստանին և Ադրբեջանին

ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել։

«ԵՄ-ն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մտահոգիչ իրադարձություններին: Իմ անունից Եվրոպական արտաքին քաղաքական կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն հինգշաբթի դիմել է Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանին, իսկ ուրբաթ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ երկու կողմերին կոչ անելով ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապաէսկալացնել իրավիճակը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը նույնպես շփումներ է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ։

Սահմանազատման աշխատանքները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ ի շահ տեղի բնակչության անվտանգության: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակով շարունակական շփումները։

ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և կոչ է անում երկու երկրներին գտնել տարածաշրջանում կայունությունը պահպանող խաղաղ լուծումներ»,- ասված է հաղորդագրությունում։

8130 | 0
Facebook