Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի ոստիկանություն

21:08, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
ՄԻՊ-ը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի ոստիկանություն

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Մարդու իրավունքների պաշտպանը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի ոստիկանություն:
     Լրագրող Նանե Արզումանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ սոցիալական ցանցի կեղծ ու իրական մի շարք օգտատերերից։
     Նանե Արզումանյանի դիմումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, ապա նաև աշխատակազմը կապվել է նրա հետ։
     Լրագրողը մանրամասներ է փոխանցել այն մասին, որ մայիսի 9-ին Եռաբլուրում նկարահանած և հրապարակած տեսանյութի առնչությամբ իրեն թիրախավորել են սոցիալական ցանցերի կեղծ և իրական օգտատերեր, նրանցից ստացել է անձնական բնույթի սպառնալիքներ, վիրավորանքներ, արժանապատվությունը նվաստացնող նամակներ։ Նա նշել է, որ թիրախավորվել են նաև ընտանիքի անդամները՝ շահարկման առարկա դարձնելով պատերազմում զոհված իր եղբորը։
     Ըստ Ն. Արզումանյանի՝ խոսքը վերաբերում է նաև հրապարակված տեսանյութում երևացող զոհված զինծառայողի մորը թիրախավորելուն: Այդ նամակները Նանե Արզումանյանը կուղարկի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
     Լրագրողը նշել է, որ վաղն առավոտյան դիմելու է Ոստիկանություն և խնդրել է Պաշտպանին հետևել իրավապահ մարմինների աշխատանքին։
     Հաշվի առնելով, որ, ինչպես դիմումում նշել է լրագրողը, հարցն առնչվում է մասնագիտական գործունեության կապակցությամբ իրեն թիրախավորելուն` Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կուղարկի Ոստիկանություն` ուշադրության ներքո պահելու համար գործի ընթացքը»:

3922 | 0
Facebook