Երևանի Թամանյան փողոցի 2-րդ շենքի մի խումբ բնակիչներ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հայտնում են, որ ապօրինի շինարարության թույլտվության հետևանքով կառուցապատողների կողմից փոփոխության է ենթարկվել Թամանյան 2 բնակելի շենքի միջհարկային ծածկը և շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը չի կատարվել։
«Ինչ–որ անձանց կամայականությունների ու բիզնես շահերի բավարարման, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց անգործության հետևանքով ստորադասվում և ոտնահարվում են մեր՝ բարեխիղճ քաղաքացիներիս իրավունքները։ Մեզ մոտ առկա է մտահոգություն, որ հ. 35 բնակարանի և հ. 67 տարածքի
գործառնական նշանակության փոփոխման հետևանքով այն կօգտագործվի որպես հանրային սննդի և/կամ զվարճանքի հերթական օբյեկտ, ինչի մասին տարածքի
սեփականատերերը մի քանի անգամ բարձրաձայնել են մասնավոր զրույցներում։ Մի շարք հանգամանքներից ելնելով մենք դեմ ենք նշված հասցեում նոր հանրային սննդի և/կամ զվարճանքի օբյեկտի կառուցմանը: Մասնավորապես՝ խոսքը գնում է «Թեմուրնոց» անունը կրող ռեստորանի ընդլայնման գործընթացի մասին»,- ասվում է բաց նամակում:
Բնակիչները քաղաքապետից ակնկալում են վերոնշյալ
խնդրի արագ և արդյունավետ կարգավորում։
Ի լրումն բաց նամակի, բնակիչները հայտնում են, որ նշված գործի շուրջ այժմ ընթանում է դատական գործընթաց։