Պարետատնից չեն բացառում, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի: «Ազատություն» ռ/կ-ին պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է որ, հիմքերը, որոնց պատճառով արտակարգ դրություն էր հայտարարվել, շարունակում են մնալ:
«Ուսումնասիրվում է երկարաձգումը, դիտարկվում է այդ հարցը և վերջնական որոշման մասին, իհարկե, երբ որ որոշումը լինի, արդեն կհրապարակվի: Երկարաձգման հավանականությունը կա, քանի որ այն հանգամանքները, որոնք բերել են արտակարգ դրության հաստատմանը, դեռևս չեն վերացել»,- ասել է Հունանյանը:
Հարցին՝ խոսքը ևս մեկ ամսով երկարաձգելո՞ւ մասին է, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը պատասխանել է. «Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ այո: Կախված իրադրությունից, կախված զարգացումներից՝ մենք նորից կարող ենք գնալ սահմանափակումների խստացման, որի մասին պարետը մի քանի անգամ հայտարարել է, այնպես որ այս դրության պահպանումը այդ առումով նույնպես կարևոր է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: