Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

10:10, հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ.
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:
     Ուղերձում ասված է.
     «Սիրելի՛ հայրենակիցներ,
     Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:
     1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին և ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը:
     Նստաշրջանը տեղի ունեցավ՝ չնայած բռնատիրական Ադրբեջանի բիրտ ճնշումներին, տեղի ունեցավ՝ ժողովրդավարության սկզբունքներին ու նորմերին, օրենքի տառին ու ոգուն խիստ համահունչ: Եվ ընդունվեց որոշում, որի համար մեր ժողովուրդը պայքարում էր տասնամյակներ շարունակ:
     Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը: Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում և սփյուռքում:
     Այդ օրը դարձավ մեր ժողովրդի սխրանքի, վճռականության ու ազատասիրության, մեր համազգային միասնականության խորհրդանիշը:
     Սիրելի՛ հայրենակիցներ,
     Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ հայոց պետականաշինության ճանապարհին»:

8132 | 0
Facebook