Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «խորհրդակցություն» և «խորհրդատվություն» բառերի գործածության մասին

08:55, հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «խորհրդակցություն» և «խորհրդատվություն» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լեզվական սխալի պատճառ երբեմն դառնում է ձևով մոտ բառերի՝ մեկը մյուսի փոխարեն գործածությունը։ Այդպիսի զույգ են կազմում «խորհրդակցություն» և «խորհրդատվություն» բառերը։ Սրանք իրարից իմաստով տարբերելը դժվար չէ։ Ընդամենը պետք է իմանալ, թե այս բառերից որը ի՛նչ է նշանակում։
     Խորհրդակցություն-ը որևէ բանի քննարկմանը նվիրված հավաքն է, նիստը, ժողովը, նաև՝ միմյանց հետ խորհուրդ անելը, ինչ-որ հարցի շուրջ զրուցելը, խորհրդակցելը։ Օրինակ՝ երբ որևէ հարց քննարկելու համար հրավիրվում է ժողով կամ նիստ, աշխատողները կարծիք են հայտնում, մտքեր փոխանակում, ժողովրդական լեզվով ասած՝ խելք խելքի տալիս, նման դեպքերում կարելի է ասել, որ կազմակերպվել է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ։
     Խորհրդատվություն-ը կազմված է «խորհրդատու» բառից, որը նշանակում է խորհուրդ տվող։ Երբ դժվարանում ենք որևէ խնդիր լուծել, հաճախ զգում ենք խորհրդի, խորհրդատվության կարիք։ Նման իրավիճակումում ոմանք գնում են նաև խորհրդատուի մոտ՝ խորհրդատվության։ Խորհրդատվություն-ը խորհուրդ տալն է։ Իհարկե, կարելի է նաև խորհրդակցել, թե կա՞ արդյոք առհասարակ խորհրդատվության անհրաժեշտություն։

Բոլոր դեպքերում անհրաժեշտ է նախ և առաջ հստակ իմանալ, թե ի՛նչ է խորհրդակցությունը և ի՛նչ խորհրդատվությունը»։

3535 | 0
Facebook