Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սույն վերպետական պայմանագիրը հանրային թիվ մեկ օրակարգ դարձնելու փորձը ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիա». Գայանե Աբրահամյան

23:30, ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
«Սույն վերպետական պայմանագիրը հանրային թիվ մեկ օրակարգ դարձնելու փորձը ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիա». Գայանե Աբրահամյան

Նախօրեին տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հանդիպումն արդարադատության նախարար Ռ. Բադասյանի հետ:

MAMUL.am-ը հանդիպման մանրամասների վերաբերյալ գրավոր հարցում էր հղել հանդիպման մասնակից, ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանին:

Հարցադրմանը, թե հանդիպման ընթացքում ի՞նչ շեշտադրումներ են արվել կոնվենցիայի՝ հանրության մի հատվածի համար խնդրահարույց դրույթների վերաբերյալ, Գ. Աբրահամյանը պատասխանել է. «Քննարկել ենք մտահոգություն առաջացրած դրույթները. դրանք մեր ներպետական օրենսդրության համար նոր չեն և առկա են նույն ՀՀԿ-ի օրոք ընդունված «Գենդերային հավասարության մասին» օրենքում, Գենդերային ռազմավարության մեջ, ուստի ակնհայտ է, որ սույն վերպետական պայմանագիրը հանրային թիվ մեկ օրակարգ դարձնելու փորձը ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիա` նպատակ ունենալով մեր հանրության համար չափազանց զգայուն և նուրբ թեմայի շահարկմամբ` մի կողմից սևացնել բարձր լեգիտիմություն ունեցող վարչակազմին, մյուս կողմից քաղաքական ասպարեզում իրենց գոյությունն իմաստավորելու անպտուղ փորձեր անել»,-նշել է Գ. Աբրահամյանը:

Թե քննարկման արդյունքում ի՞նչ եզրահանգման են եկել հանդիպման մասնակիցները, և որքանո՞վ են համոզիչ եղել կոնվենցիայում վտանգներ չտեսնողների փաստարկները, ԱԺ պատգամավորը նկատել է, թե անձամբ ինքը մի շարք դրույթների վերաբերյալ վերապահումներ ունի, որոնց մասին բարձրաձայնել է:

«Ինչպես գիտեք, մենք որպես կառավարող ուժ ոչ միայն հեղափոխության ողջ ընթացքում ենք դրել ոչ բռնի պայքարի և բռնությունից զերծ հանրույթ կերտելու գերնպատակը, այլ նաև մեր նախընտրական և կառավարության ծրագրերում որպես հիմնադրույթ է դա նշվել: Ես վստահ եմ, որ այս պահին առկա քաղաքական կամքը թույլ է տալիս ներպետական օրենսդրության փոփոխությունների ու արդյունավետ կիրարկման միջոցով, ինստիտուտների զարգացմամբ, կրթական ծրագրերի, հանրային անվտանգությամբ զբաղվող կառույցների վերապատրաստմամբ արդյունավետ պայքարել ընտանեկան բռնության խնդիրների դեմ, ինչը պետք է և հնարավոր է իրականացնել անգամ առանց կոնվենցիային միանալու»,- գրել է ԱԺ պատգամավորը:

Իսկ ինչ վերաբերում է կոնվենցիայի քվեարկության միասնակա՞ն դիրքորոշմամբ, թե՞ ազատ դիրքորոշմամբ հանդես գալուն, ապա նման հարց չի քննարկվել, քանի որ դեռ վերջնականապես հստակեցված չէ՝ փաստաթուղթը օրակարգ մտնելո՞ւ է, թե ոչ։ Նույն տրամաբանությամբ էլ դեռ վաղաժամ է խոսել այս մասին, թե հնարավո՞ր է խորհրդարանի կողմից կոնվենցիան չվավերացնելը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում արդարադատության նախարարի հետ նման հանդիպումներ առաջիկայում էլ կարող են լինել։

4204 | 0
Facebook