Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բուժական. երբ անտարբերությունը «սպանում է» շրջակա գեղեցկությունը

12:20, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
Բուժական. երբ անտարբերությունը «սպանում է» շրջակա գեղեցկությունը

Կոտայքի մարզում գտնվող Բուժական գյուղը, որն իր գեղատեսիլ և փարթամ բուսաշխարհով, առաջին հայացքից դրախտավայր է հիշեցնում, մեղմ ասած, անտերության է մատնված։


     Հյուրընկալ և սրտաբաց բուժականցիները, որոնք առավոտից երեկո կքած են գյուղական հոգսերի ու խնդիրների տակ, մեծ խանդավառությամբ են հիշում «սովետի ժամանակները», երբ գյուղի ղեկավարներն ավելի սրտացավ էին, ապրելն ավելի հեշտ, խնդիրները՝ ավելի քիչ, իսկ երեխաները ոչ թե օտարությունում էին բախտ որոնում, այլև՝ հարազատ գյուղում։

Ովքե՞ր են Բուժական գյուղի բնիկները

«Մշեցիներ են եղել բնիկները։ Նրանք 1829-1831թթ. գաղթի ժամանակ են եկել հաստատվել այս գյուղում. սկզբից եկել են Ապարան, հետո էլ եկել են էստեղ։ Մեր գյուղի կողքին Քիրաշլու գյուղն էր, որը թուրքերի բնակատեղի էր: Այնտեղ իսլամներ էին ապրում: Գաղթած հայերը թուրքերի հետ կռվեցին, նրանց վտարեցին և զավթեցին այդ գյուղը։ Թեև Քիրաշլուն այսօր չկա, բայց կարոտով ենք հիշում․ հարուստ ու սիրուն գյուղ էր, լավ հիշողություններ կան այդ գյուղի հետ կապված»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի նախապատմությունը ներկայացնում էին գյուղի տարեցները։
     Նրանք սիրով էին հիշում այն տարիները, երբ գյուղում գործում էր տրիկոտաժի ֆաբրիկան (շուրջ 200 աշխատատեղով)․ «Ինչ հիշում եմ ՝ գյուղը 300-ից պակաս տնտեսություն չի ունեցել, իսկ էսօր արդեն 500 տնտեսություն կա»,- ասում էր մեր զրուցակիցներից մեկը։
     Ինչպես ցանկացած գյուղում, այստեղ ևս տեղաբնակների հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է։

Բուժականը զբոսաշրջային վայր է համարվում, քանզի գյուղը բացի իր շքեղ բնությունը, ունի հնագույն եկեղեցի: Այն գտնվում է գյուղի հյուսիսային մասում, Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում, այդ իսկ պատճառով կրում է Թեղենյաց անվանումը:

Եկեղեցին, ըստ գյուղացիների, կառուցվել է 11-րդ դարում, սակայն հայտնաբերվել է պեղումների ժամանակ՝ 13-րդ դարում:

Ամռան այս շոգ եղանակին, ի դեպ, բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս գյուղ և որը՝ ավտոմեքենայով, որը՝ ոտքով բարձրանում վանական համալիր։ «Առաջ մեր գյուղում, Վարդավառի ժամանակ, 1000-ից ավելի ավտոմեքենաներ էին գալիս՝ բարձրանում եկեղեցի, քեֆի էին գալիս․․․ այսօր այդ հոսքը զգալիորեն պակասել է»,- նշում էին մեր զրուցակիցները, ապա, հերթով, թվարկում գյուղի խնդիրները՝ ինչն է թերի, ինչի կարիք ունեն և որն է առաջնային։

«էդքան հարկ ու տուրք ենք վճարում, մի ճանապարհ էլ չեն սարքում»

Բազմաթիվ խնդիրների կողքին նրանք առանձնացնում են դեպի եկեղեցի տանող ճանապարհը, որն անմխիթար վիճակում է՝ քանդված, տեղ-տեղ փոսերով, որով նույնիսկ քայլելն է դժվար, անձրևների ժամանակ գրեթե անանցանելի է. «Հիմա էլ տուրիստներ շատ են գալիս, բարձրանում են եկեղեցի, սարերը, վայելում բնության գեղեցկությունը, բայց այս ճանապարհը մի տեսակ «փչացնում» է ամեն ինչ..., մենք էլ ենք վատ զգում էս վիճակից, բայց ի՞նչ անենք, հո մեր ձեռը չի՞, դա գյուղի ղեկավարի գործն է»։


     Գյուղացիների խոսքով՝ գյուղում միայն հանրակրթական դպրոց է գործում․ չկա որևէ մշակույթային օջախ, երեխաները երաժշտական կրթություն կամ որևէ մարզաձև սովորելու համար հասնում են Եղվարդ քաղաք, որը համայնքից ավելի քան 13 կմ հեռավորության վրա է գտնվում։
     Գյուղը չունի գազ, ջրագիծն անմխիթար վիճակում է, իսկ հոսանքը, գյուղացիների պատմելով, իրենց նախաձեռնությամբ են ապահովել գյուղին․ «Ստոլբա չկար, բան չկար, անտերանոց էր, մենք արեցինք․․․էդքան հարկ ու տուրք ենք վճարում, մի ճանապարհ էլ չեն սարքում, ո՞ւր են գնում այդ գումարները, ինչո՞ւ որևէ խնդիր չի լուծվում»,- տարակուսում են մեր զրուցակիցները։

«Գազը սովետի ժամանակներից կա․ բերին հասցրին գյուղի տակը, մի երկու տարի կանգնեց, մնաց, էնքան գործ չարեցին, մինչև մի օր էլ թալանեցին՝ տրուբեքը հանին տարան, դրանից հետո տենդերային մրցույթով շահեցին՝ ծախին, կերան գյուղապետերը։ Սովետի ժամանակ գոմերն էլ թալանեցին, ոչխարը, եղջերավոր անասունները բաժանեցին իրար մեջ կերան՝ քաշվան մի կողմ։ Լավ, ինչի էդ մի երկու հոգին ո՞վ էին, որ 400 գլուխ ոչխարը կերան, գնաց»,- պատմում էին գյուղացիները։

«Լավ տղա լինելը քիչ է, պետք է կարողանալ նաև լավ ղեկավար լինել»

Թե ինչպիսի ղեկավարներ է ունեցել Բուժական համայնքը, գյուղի տարեցներից մեկն այսպես մեկնաբանեց. «Ղեկավա՞ր, ի՞նչ ղեկավար, թուղթ պեչատող են եղել։ Ով որ պաշտոնի է նստում՝ մոռանում է ժողովրդի մասին ․․․»։
     «Համայնք ղեկավարելը հեշտ չէ, մարդ պիտի գաղափար ունենա․ լավ տղա լինելը քիչ է, պետք է կարողանալ լավ ղեկավար լինել նաև»,- համոզված են բուժականցիները:
     Խոսելով նախկին-ներկա ղեկավարների գործունեությունից, գյուղացիները հիշեցին գյուղապետ Մանվել Դավթյանին․ «Մանվելը 10 տարի ղեկավարեց, ոչինչ չարեց գյուղի համար։ Միայն էս մեր գերեզմաների զաբոռը քաշեցին՝ վերջ։ Էս վերջինն էլ երկու անգամ ընտրվեց, նստեց գյուղապետ՝ էլի մատիցդ փուշ չի հանել»։
     Մեր հարցին, թե ինչո՞ւ գյուղապետը որոշեց հենց գերեզմանոցը ցանկապատել բազմաթիվ առաջնային խնդիրները թողած, գյուղացիներից մեկը հումորով պատասխանեց՝ «Որ մեռելները չհելնեն հանկարծ արտագաղթեն»։


     Հաջորդիվ կներկայացնենք Բուժական համայնքի ղեկավար Կարեն Գալստյանի՝ գյուղի խնդիրների վերաբերյալ MAMUL.am-ի թղթակցին տված պարզաբանումը։

| | |
2900 | 0
Facebook
COMMENT.am