Այսօր Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձան Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական կողմին ելույթ ունենալու հնարավորությունից զրկելու փաստին: Նրանք նշեցին, որ նախկինում նման պրակտիկա գրեթե չի կիրառվել, երբ կողմն ընդհանրապես զրկված լինի դիրքորոշում հայտնելու իրավունքից:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը որոշել էր պաշտպանական կողմին զրկել ելույթի իրավունքից՝ պարզաբանելով, որ վերջիններս ցանկանում են գործը անհարկի ձգձգել:
«Ես որևէ դեպք չեմ կարողացել իդենտիֆիկացնել, որ երբևէ եղել է այնպես, երբ կողմը, ընդհանրապես, զրկված է եղել դիրքորոշում հայտնելու իրավունքից: Մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ-ի բանաձևով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքական հետապնդման արգելքի դեպքը: Տեսնում ենք, որ, ակնհայտորեն, ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունները: Այստեղ մենք տեսնում ենք լրիվ արտառոց դեպք, երբ կողմին ընդհանրապես չի թույլատրվել ելույթ ունենալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Պաշտպանական կողմն այն կարծիքին է, որ դատարանն, օգտվելով այն «պատրվակից», թե դատավարությունը բնականոն հունով չընթանալու հետևանքով պաշտպանական կողմը խնդրել է դատարանին կանոնակարգել դատավարության ընթացքը, ելույթի իրավունքից զրկել է պաշտպանական կողմին՝ պատճառաբանելով, որ իրավունքների չարաշահում է եղել և ըստ այդմ՝ գործի անհարկի ձգձգում: