«Ես դառնում եմ գործազուրկ», «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «Ոչ մոնոպիլիզացմանը» գրություններով պաստառներով գազավորված ըմպելիքներ արտադրողները բողոքի ակցիա են իրականացնում Հարկային օրենսգրքի դրույթների դեմ: Նրանք այս պահին Կառավարության շենքի դիմաց են:
Հիշեցնենք, որ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն օրեր առաջ «Ֆեյսբուք»-ում տեղեկացրել էր, որ Կառավարությունը որոշել է ավելացնել գազավորված ըմպելիքների (բացի հանքային ջրից) ակցիզային հարկը 30%-ով։ Սա նշանակում է այդ ապրանքների թանկացումներ, աշխատատեղերի կրճատումներ և ամենակարևորը՝ հարկային բեռի ավելացում հպարտ սպառողի վրա, քանզի անուղղակի հարկատեսակների վերջնական վճարողը սպառողն է:
Ավելի վաղ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս անդրադարձել էր այսպես կոչված շաքարի հարկ ներմուծելու անհրաժեշտությանը.«Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորված շաքար պարունակող ըմպելիքը»,- գրել էր Թորոսյանը: