Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոչինչ չի փոխվել, մեկ-մեկ մտածում եմ, որ հեղափոխության մասին բուհերում չեն էլ լսել». Լևոն Չուկակլյան

00:00, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
«Ոչինչ չի փոխվել, մեկ-մեկ մտածում եմ, որ հեղափոխության մասին բուհերում չեն էլ լսել». Լևոն Չուկակլյան

«Միտք» կրթական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Լևոն Չուկակլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, 2018 թվականի ապրիլի 13-ին Ձեր քայլարշավի ընթացքում, երբ Դուք հասաք Երևան, ես և ընկերներս Ձեր խմբին միացանք ու միասին մուտք գործեցինք ԵՊՀ։ Անկեղծորեն ասեմ մինչև այդ որպես քաղաքական գործիչ` Ձեր, ինչպես նաև Ձեր կուսակցության հանդեպ վստահություն չունեի և շատ անգամ սուր քննադատել էի Ձեր գործունեությունը և կատարած քայլերը։ Սակայն որոշեցի հավատալ Ձեզ ու Ձեր այդ ժամանակվա փոքր թիմի հետ մուտք գործեցի ԵՊՀ։ Բուռն ոգեշնչված էի, երբ Դուք ցույց տվեցիք, որ Ձեր համար շատ մեծ դեր ունի ազատ ու անկախ ուսանողի գաղափարը, ուսանողակենտրոն ու կուսակցականացվածությունից զերծ համալսարան ունենալը։
     Մենք ընկերներով դրան հաջորդող օրերին ներդրեցինք ինչ կարող էինք, որպեսզի հեղափոխությունը հաջող ընթացք ունենա և մեր ունեցած խնդիրներն էլ իրենց լուծումը ստանային։
     Ուսանողներով մի մեծ բռունցք դարձած հեղափոխության շատ մեծ ծանրություն մեզ վրա վերցրինք ու ինքներդ էլ կխոստովանեք մեր շարժիչ ուժ լինելու մասին։
     Եղավ հեղափոխություն, եղավ նոր զարթոնք, որը պետք է հստակ ու թիրախային, գաղափարական ու արժեքային լուրջ կոնցեպցիաներով փոփոխություններ գրանցեր մեր երկրի պատմության մեջ։ Հավատով լցված ներգրավվեցինք հետհեղափոխական կարևոր գործընթացներին` համալսարանական ակտիվ խմբերի ձևավորում, ուսանողությանը հուզող հիմնախնդիրների ուսումնասիրություն և օրինագծերի մշակում, քաղհասարակության հզորացում, հակահեղափոխական ուժերի դեմ պայքար, ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացման համար դիտորդական առաքելություններ և շատ այլ գործեր, որոնց թվարկումը չափազանց երկար գործընթաց է։
     Այսպիսով եթե խոսենք մեր արածների ու Ձեր չարածների մասին, ապա Դուք այս խաղում միգուցե «պարտված» դուրս գաք։ Սակայն փորձելով չհամեմատել կարող եմ հաստատապես պնդել, որ բուհերում Ձեր կողմից ստորագրված ու կատարած փոփոխությունները 9 ամիսների ընթացքում անբավարար են, ոչինչ չի փոխվել, մեկ-մեկ մտածում եմ, որ հեղափոխության մասին բուհերում չեն էլ լսել։ Չգիտեմ, միգուցե չեք էլ տեսել, թե ում որտեղ եք նշանակում կամ մեզ` Ձեր գործերում վերջին տեղն եք հատկացրել, բայց Ձեզ դիմում եմ առաջին ու վերջին անգամ, մի՛ մոռացեք Ձեր տված խոստումները և մի լսեք նրանց ովքեր Ձեզ զեկուցել են գրանցված լավ քայլերի մասին, հավատացեք դրանք կոսմետիկ ու անարդյունավետ փոփոխություններ են եղել։
     Հուսով եմ իմ հետագա պայքարը Ձեր և Ձեր որդեգրած քաղաքականության դեմ չի լինի, այլապես պատմությունը կրկնվելու սովորություն ունի։

4017 | 2
Facebook