«Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են լակոտ, ձեզնից ոչ մեկ նրան չի պաշտպանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել: Երեկ էլ Պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս: Մինչև ե՞րբ»,- ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով նախօրեին «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների ելույթներին, ովքեր ընդդիմությանը մեղադրում էին անընդհատ խոսելու մեջ՝ նշելով, թե արդեն գործելու ժամանակն է: «Parla՝ խոսքից առաջացած խորհրդարանում մեր գործը խոսելն է, ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ մեր խորհրդարանով պետք է վերահսկենք նրանց աշխատանքը»,- ընդգծեց Բաբաջանյանը՝ անդրադառնալով մեկ այլ ելույթի. «Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնաբար պաշտպանել»,- շարունակեց նա:
Հիշեցնենք՝ Հայկ Կոնջորյանը երեկվա իր ելույթում ասել էր. «Կառավարությունը նման է այգեպանի, ով պետք է այգին մաքրի մոլախոտերից, պայքարի կրծողների և վնասակար միջատների դեմ․ դրանից հետո ծառերը պտուղներ կտան, անհավանական պտուղներ»: