Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ.
Հարգելի՛ հայրենակիցներ,
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները:
Շնորհավորում եմ ընտրությունները Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ:
Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։ Այս առումով բարձր եմ գնահատում մրցակից դաշինքների և կուսակցությունների, ինչպես նաև ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին։
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը:
Մաղթում եմ Երևանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի»: