Բրիտանական Times պարբերականը՝ հղում անելով ուժային կառույցների և կառավարության իր աղբյուրներին, հայտնել է, որ հատուկ ծառայությունները պարզել են ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորած նյարդապարալիտիկ նյութի արտադրման վայրը:
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ իրենք 100%-ով վստահ չեն: Սակայն նրանցից մեկը պնդել է, որ արտադրման վայրի մասին կարելի է խոսել վստահորեն:
«Cobra հանձնաժողովի (մտնում են կառավարության, արտակարգ իրավիճակների և հատուկ ծառայությունների անդամները) առաջին նիստի անցկացման պահին մենք գիտեինք, որ այն ռուսական ծագում ունի, ինչն ակնհայտ է»,- ասվում է հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ փորձագետները կարողացել են սահմանել թունավոր նյութի աղբյուրը գիտական փորձաքննության և հետախուզական տեղեկատվության հիման վրա:
Պարբերականը գրում է նաև, որ մինչ Սոլսբերիի դեպքը, երկրի իշխանությունները գիտեին «Նովիչոկ» կոչվող նյութի արտադրման վայրի մասին:
Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ փորձագետները չեն կարողացել հաստատել Սկրիպալներին թունավորած նյութի ծագման աղբյուրը: