Հյուսիսային Կորեայի իշխանությունները կտրականապես մերժել են ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ որևէ բանակցության հավանականություն՝ ԿԺԴՀ հանդեպ ԱՄՆ-ի «թշնամական» վերաբերմունքի պատճառով:
Այս մասին հաղորդվում է ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունում:
«ԱՄՆ-ն պետք է գիտակցի այն փաստը, որ քանի դեռ ինքը չի դադարեցրել իր թշնամական քաղաքականությունը ԿԺԴՀ հանդեպ, ապա մեր երկրի հրթիռային ու միջուկային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների թեմա և ԿԺԴՀ ապամիջուկայնացումը երբեք հնարավոր չի դառնա»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ԱՄՆ-ի, այդ թվում՝ ներկա նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը համարվում է «ավազակապետական», որը կոչ է անում «լայնամասշտաբ ճնշում» գործադրել Փհենյանի վրա:
«Թրամփի վարչակազմն օր օրի անխոհեմ ու կատաղի է դառնում, և նման արձագանքը հաջորդել է ԿԺԴՀ-ի՝ միջմայրցամաքային բալիստիկ «Հվասոն-14» հրթիռի հաջող փորձարկմանը»,- ասվում է հայտարարությունում: