Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները

11:00, չորեքշաբթի, 07 հունիսի, 2017 թ.
ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները

ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես դատապարտել է Էրդողանի թիկնապահների գործողությունները: «Մեր երկիր այցելողները պետք է հարգեն մեր քաղաքացիների իրավունքները», - հայտարարել է Մերիլենդ նահանգը ներկայացնող կոնգրեսական Սթենի Հոյերը, որը համահեղինակն է բանաձևի, որը դատապարտում է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Վաշինգթոն կատարած այցի ընթացքում միջադեպին մասնակից թուրքական անվտանգության ներկայացուցիչներին: Վերջիններս հարձակվել էին Էրդողանի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Երեքշաբթի բանաձևը պաշտոնապես ընդունվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում՝ հավաքելով իր օգտին 397 ձայն:

Բանաձևի մյուս համահեղինակ կոնգրեսական Էդ Ռոյսը նշել է, որ օրինագծի ընդունումը Կոնգրեսի մակարդակով անհրաժեշտ էր, քանի որ այն պարզություն է մտցնում Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ տեղի ունեցած միջադեպի նկատմամբ.

«Բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիան անհապաղ վերացնի դիվանագիտական անձեռնամխելիությունը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին և օրինապահներին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը տեղի ունեցածի մեղքը բարդել էր ամերիկյան ոստիկանների և ցուցարարների վրա՝ նշելով, որ Էրդողանի անվտանգությունը բավարար չափով ապահովված չէր, մինչդեռ Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորը մտահոգություն էր արտահայտել թուրքական կողմի անվտանգության աշխատակիցների գործողությունների կապակցությամբ:

Պատասխանելով թուրքական կողմի հայտարարություններին, Մերիլենդ նահանգից ընտրված կոնգրեսական Ջոն Սարբանեսը նշել է, որ տեսագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ հենց նախագահ Էրդողանն է արտոնել հարձակումը և հետևել դրան.

«Վաշինգթոնի փողոցներում անմեղ ցուցարարների վրա հարձակումը բացահայտում է նախագահ Էրդողանի բնույթը և ամերիկացիներին հիշեցնում է պաշտոնական Թուրքիայի իրական դեմքը՝ այն բոլոր խնդիրները, որոնց հետևանքն է Կիպրոսի զավթումը, Հայոց ցեղասպանությունն ու քուրդ ժողովրդի բռնի հալածումը: Այս միջադեպը պահանջում է ավելին քան մեղավորների դատապարտում, Թուրքիայի դեսպանի վտարում կամ Էրդողանի հասցեին քննադատություն: Ժամանակն է հիմնովին վերանայել ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ»:

Բանաձևի ընդունումը ողջունել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Միջադեպին ներկա հանձնախմբի վաշինգթոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի խոսքով՝ Ռեջեփ Էրդողանը փորձում էր իր անհանդուրժողականությունն ու բռնությունը արտահանել Միացյալ Նահանգներ: Փորձ, որը տապալվեց:

10546 | 0
Facebook