Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Ֆիրդուսի առևտրականների մեծ մասն ընտրել ա Տարոն Մարգարյանին... Ձեր ընտրածն ա, բողոքելու իրավունք չունեք». արձագանքներ՝ շուկայի ապամոնտաժման վերաբերյալ

հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.

Հուլիսի 19-ի լուսաբացին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փորձեցին քանդել Ֆիրդուսի շուկան՝ կիրառելով նաև հատուկ տեխնիկա։ Առևտրականների դիմադրությունից հետո տեխնիկան դուրս բերվեց տարածքից, բայց քաղաքապետարանի աշխատակիցները նահանջելու մտադրություն չունեին։
Կեսօրից հետո նրանք իրագործեցին իրենց առջև դրված հանձնարարականն ու ապամոնտաժեցին տաղավարները։

Այս թեման մեկնաբանել են`

Ֆիրդուսի տոնավաճառի աշխատակից

Մեր ճակատին գրված է, որ ստրուկ ենք, մի երկու կոպեկ ենք առնում ստեղից-ընդեղից ապրանք բերելով, դրանից էլ են զրկում։ Առաջարկում են ուրիշ տոնավաճառներում աշխատել, բայց ոչ տեղ կա, ոչ ժամանակ, որ եղած ապրանքը մաքրենք: Ամենավերջին սրիկայի պես գողեգող եկան, քանդելով, սրբելով գնացին: Խնդրել էինք ժամանակ տալ մինչև դեկտեմբեր, չէն համաձայնել։ Առաջարկել էին տեղափոխվել «Երևան» տոնավաճառ, «Առինջ մոլ», բայց այնտեղ բարձր է վարձը, բացի այդ հաճախորդներին կորցնելու վտանգ կա։:

Ֆիրդուսի տարածքի բնակիչ

Ֆիրդուսի տարածքի բնակիչ

Ասում են՝ իրացման գոտի ա։ Լավ, բա մեկը չգա՞, ասի՝ բնակարան ենք տալիս, սա ենք տալիս, նա ենք առաջարկում։ Ձեռք կտա, կհամաձայնենք, չէ՝ չենք համաձայնի:
Իմ թաղն ա, դու ի՞նչ իրավունք ունես գալ, քանդել։

Հարություն Հակոբյան, Կենտրոն վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ

Հարություն Հակոբյան, Կենտրոն վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ

Մենք, որպես այլընտրանք, 6 տոնավաճառներ ենք առաջարկել ժողովրդին, որտեղ կարող են հավելյալ պայմաններով աշխատել։ Տոնավաճառներից մեկը Երևանն է, մյուսը՝ Ռոսիան, մյուսը՝ Գումը, Մասիվի նոր բացվող մեգա մոլլը, որի գինը, եթե մյուսների համար օրինակ հազար արժի, իրենց համար կես կարժենա։ Այդ ամենը երկու ամիս է՝ առաջարկվում է։ Սա իրացման գոտի է, կապված է շինարարության հետ ու շինարարը չի կարող սպասել:

Հարություն Մկրտչյան, լրագրող

Հարություն Մկրտչյան, լրագրող

Ես վստահ եմ, որ Ֆիրդուսի առևտրականների մեծ մասն ընտրել ա Տարոն Մարգարյանին ու իր թիմին...
Հիմա Տարոն Մարգարյանն ու իր թիմը քանդում են առևտրի այդ տարածքը:
Տարոն Մարգարյանն իրավունք ունի քանդելու այն, ինչ ցանկանում է, որովհետև Երևանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը նրան տվել է այդ իրավունքը:
Մի ժամանակ ես էլ կբողոքեի, իսկ հիմա բողոքելու առիթ չկա: Հասկանում եմ... Ձեր ընտրածն ա, բողոքելու ոչ մի իրավունք չունեք...

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Ֆիրդուսի շուկան ժամանակին` 90-ականներին, իր գործն արել էր ու հիմա վաղուց արդեն վերջացած տեղ է դարձել: Հասկացանք՝ չեք սիրում իշխանություններին, բայց ամեն բան խառնել իրար ու քֆրտել` էդ մի բան չի: Ասենք նորմա՞լ է, որ մայրաքաղաքի հենց կենտրոնական հրապարակին կպած ինչ-որ անհասկանալի «բազառ» է գործում։ Չեմ կարծում, որ որևէ զարգացած երկրում հասարակությունը նորմալ վերաբերվեր նման «բազառին»։

Թագուհի Մելքոնյան, լրագրող

Թագուհի Մելքոնյան, լրագրող

Երեկ բացահայտեցի, որ շատերի համար Ֆիրդուսի շուկան քնձռոտ մի վայր է, այն կենտրոնի հետ սազական չէ, ոմանք անգամ դրա տեղը «չգիտեն», որովհետև միշտ մոլերից են առևտուր անում: Համաձայն եմ, Կենտրոնում գեղեցիկ չէ նման վայր ունենալը, գեղեցիկ չէ նաև Սուրմալուն, Գումը, Փեթակը, Մալաթիայի շուկան և մյուս բացօթյա տոնավաճառները: Կներեք, իսկ Երևանի, առավել ևս Կենտրոնի հետ սազակա՞ն է սև քարի վրա վարդագույն տուֆով հարկեր ավելացնելը՝ վրան կանաչ գույնի ապակիներով բալկոն սարքելը, կամ ասենք ռեստավրացիայի անվան տակը հին շենքերի վրա «ռոզվի կռոշկա» անելը:
Կներեք, բայց այդ շուկաներն ուղիղ համեմատական են մեր երկրի սոցիալական վիճակին, մարդկանց գրպանին:
Ասում են այլընտրանք կա՝ թող գնան օրինակ Կայարան՝ «Երևան» տոնավաճառում առևտուր անեն: Գիտեք, մարդիկ գնացել՝ նորից վերադարձել են ֆիրդուս, որովհետև էնտեղ առևտուր չկա: Որովհետև առևտրականի համար ձեռնտու է արևի տակ կանգնելն ու գումար վաստակելը, քան գեղեցիկ, մաքուր ու կոկիկ վայրում մանեկեններին շարելն ու «տակ տալը»:
Երեկ իմ աչքի առաջ Ֆիրդուսի առևտրականներից մեկը հավաքում էր ապրանքն ու գոռում որ «գնալու է երկրից»: Մի պահ մեր վարչապետին հիշեցի, ով քարոզարշավի ժամանակ մեկին ասաց ՝ չվախեցնես քո արտագաղթելով: Մարդիկ մտածում են՝ մի հոգի ավել-պակաս, ինչ էական է...
Մայր Թերեզան, օրինակ այդպես չէր կարծում:
«Օվկիանոսն էլ, երբ մի կաթիլ կորցնում է, զգում է դրա պակասը»,- ասում էր նա:
Իսկ մե՞նք, մենք վաղուց չենք վախենում կորցնելուց, մեզ համար կարևորը սազել-չսազելն է, ճաշակովն ու անճաշակը, մենք թքած ունենք մեր ամենաթանկ արժեքի՝ մարդու վրա:

Արշալույս Մղդեսյան, փորձագետ

Ֆիրդուսի շուկան, որն ասոցացվում է Իրանի հետ, կարելի էր ոչ թե փակել, այլ նորոգել, գեղեցկացնել, իսկական իրանական ու արևելյան միքս անել: Արևելք-Արևմուտք կապելու հայտարարությունների ֆոնին, կարծում եմ հրաշալի կլիներ քաղաքի կենտրոնի բանուկ վայրում նման շուկա ունենալ: Թույն միջավայր կլիներ ու մի պճեղ էլ կօգներ զբոսաշրջության զարգացմանը:

Արամ Աբրահամյան, քաղաքական մեկնաբան, հեռուստահաղորդավար

Արամ Աբրահամյան, քաղաքական մեկնաբան, հեռուստահաղորդավար

«Ֆիրդուսի» շուկան, իհարկե, ճարտարապետական կոթող չէր, ոչ էլ մշակութային արժեք: Դա տգեղ, նեղ, փնթի «միջանցք» էր, որը գոյության իրավունք չունի մայրաքաղաքում, առավել ևս՝ դրա կենտրոնում: Առևտրականները նախօրոք զգուշացված էին, որ «Ֆիրդուսնոցը» կապամոնտաժվի, ինչն անխուսափելի էր: Բայց նրանց առաջարկվեց գնալ այլ տոնավաճառներ, որտեղ տեղի վարձը ավելի բարձր է, քան «Ֆիրդուսնոցում»: Ինձ թվում է՝ ապամոնտաժման քայլը կատարելուց առաջ պետք էր ստեղծել «սոցիալական ամորտիզատորներ», օրինակ՝ փոխհատուցել առևտրականներին մեկ-երկու ամսվա եկամուտը, որը, կարծում եմ, չնչին է, որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել նոր պայմաններին: Բայց ամենակարևորը՝ քանդելուց առաջ պետք էր որոշել, թե ինչ է տեղը լինելու, գտնել համապատասխան ներդրողին, կառուցապատողին և տեղեկացնել այդ ամենի մասին երևանցիներին: Հակառակ դեպքում «Ֆիրդուսնոցի» ավերակները կմնան շաբաթներով, գուցե ամիսներով: Ճիշտ այնպես, ինչպես առ այսօր մնում են Խորհրդային Միության ավերակները: Առաջին հերթին՝ մեր ուղեղներում:

Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար

Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար
Ապամոնտաժման որոշումը վաղուց կար, տեղեկություններ ունեինք նաև, որ քննարկումներ են ընթանում վաճառականների հետ։ Մեզ ոչ ոք այդ գործընթացին չէր հրավիրում ու հանրային դժգոհության դրսևորում մինչ այս չենք տեսել, չենք միջամտել։ Երբ այդ օրը հայտնի դարձավ, որ սկսել են արագ ապամոնտաժել տաղավարներն, աղմուկ բարձրացավ ու սկսեցին ասել՝ ինչու չեն եկել։ Բայց մինչ այդ ոչ բնակիչներն էին դիմել մեզ, որ միջամտեինք, ոչ էլ հասարակական անհանգստություն կար, որ քայլ նախաձեռնեինք: Կարծում ենք, որ երբ հարցը քննարկման փուլում է, կարող ենք ազդեցություն ունենալ, բայց երբ տեխնիկայով արդեն ընթանում է գործընթացը, մեր ներկայությունը որևէ բան չէր տա:
44986 | 1