Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր հաշմանդամների միջազգային օրն է

15:05, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
Այսօր հաշմանդամների միջազգային օրն է
     1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:
     Այս ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են նաև Հաշմանդամների միջազգային օրը: Գլխավոր խնդիրը դեռևս մնում է այն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լիարժեք ներգրավվածություն չունեն աշխատաշուկայում ու հասարակական ինտեգրման հարցում ևս բացեր կան:
     Աշխարհում ապրում է մոտավորապես մեկ միլիարդ հաշմանդամ (այն կազմում է աշխարհի բնակչության մոտավորապես 15%-ը), և նրանք բոլորը բախվում են ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու վարքագծային պատնեշների, որոնք բացառում են հասարակության կյանքում նրանց լիարժեք, արդյունավետ և իրավահավասար մասնակցությունը:
    

2016 թվականի հուլիսի 1-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է հաշմանդամություն ունեցող 202,839 քաղաքացի, որոնցից 98,458-ը կանայք են: Դա կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 6.7 տոկոսը: Վերջին տվյալներով՝ Հայաստանում կա նաև 8016 հաշմանդամ երեխա (երկրի բոլոր երեխաների 4 տոկոսը), որոնցից 2514-ը աղջիկներ են:10,227 (5 տոկոս) մարդ ունի հաշմանդամության առաջին կարգ, 79,164-ը (39 տոկոս)՝ երկրորդ կարգ, իսկ 105,432-ը (52 տոկոս)՝ երրորդ կարգ: Հաշմանդամություն ունեցող 26,118 (12.9 տոկոս) մարդ 18-40 տարեկան է, 101,098 (49.8 տոկոս) մարդ 40-ից մինչև 63 տարեկան է, իսկ 67,690 (33.3 տոկոս) մարդ կենսաթոշակային տարիքի է:

2932 | 0
Facebook