Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժամանակին Սերժ Սարգսյանի կազինո հաճախելու մասին բարձրաձայնած ու նախագահականում պաշտոն ստացած Դալլաքյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն

15:05, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
Ժամանակին Սերժ Սարգսյանի կազինո հաճախելու մասին բարձրաձայնած ու նախագահականում պաշտոն ստացած Դալլաքյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն
     Հավանաբար շատերն են հիշում, որ երբ 4 տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նշանակվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ, մամուլն ու համացանցը ողողվեցին քննադատություններով: Խնդիրն այն էր, որ դրանից տարիներ առաջ իր հայրենի Վանաձորում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, Դալլաքյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը թոշակները չի բարձրացնում, որովհետև այդ գումարը կազինոներում է վատնում: «Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, ձեր թոշակը խի՞ ա ցածր: Որովհետև երբ Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլո ա գնում ու կոն պտի խաղա, այսինքն՝ ղումար, 50.000 դոլար ա կոնը, հասկանո՞ւմ եք էդ ինչ ա նշանակում: Այսինքն՝ ստավկեն, որ սկսում ա, դնում են 50.000: Այ էդ ձեր փողերն ա, սաղիդ, ձերն ա էդ: Այսինքն ձեզ ձեռ են առնում: Քսան դրամ թոշակը բարձրացնում են, ձեզ ասում են՝ ձեր թոշակը բարձրացրինք, բա խի՞ չեք ուրախանում»,- ասել էր նա:

     Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, անդրադառնալով դիտարկմանը` ինչպես պատահեց, որ նման ելույթ ունեցող գործիչը պաշտոնի նշանակվեց նախագահի աշխատակազմում ու հիմա էլ ազատման դիմում է ներկայացրել, իսկ միգուցե իրեն ընդդիմադիր դաշտ են գործուղել Բաղրամյան 26-ի՞ց, Դալլաքյանը պատասխանեց. «Ասել եմ, որ կոնը սկսվում է 50 հազար դոլարից: Երբևէ տեսել եք, որ ես ասեմ` նման բան չեմ ասել, կամ հերքել եմ դա: Բացարձակապես, ես իմ խոսքերի տերն եմ... Ինչ վերաբերում է նախագահականում պաշտոն ստանալուն, ասեմ, այս 4 տարիների ընթացքում երբևէ Ս. Սարգսյանի հետ չեմ հանդիպել, աշխատանքս եղել է խորհրդանշական... Երբ նշանակվել եմ, ասել եմ, որ Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչը պետք է ունենա ելույթի հնարավորություն, այլ առաջարկներ էլ եմ ներկայացրել, բայց որևէ մեկը չի ընդունվել... Ինձ մեկուսացրել էին, տվել էին մի աշխատանք, որը քաղաքականության կամ օրենսդրության վրա չի ազդել: Ես ընդունել եմ խաղի կանոնները, որովհետև, ասացի արդեն, կա քարերը հավաքելու ու նետելու ժամանակ»,- հայտարարեց ակտիվ քաղաքականության մեջ մտնելու հայտ ներկայացրած գործիչը: Հարցին` Ձեզ օգտագորված համարո՞ւմ եք, ասաց` բացարձակապես:
    
     Վ. Դալլաքյանի ասուլիսից հետո Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսպիսի գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում. «Եթե անցած 4 տարում, երբ լուռ նստած էիք Սերժ Սարգսյանի` Ձեզ համար ապահով հովանու տակ, ստանում էիք աշխատավարձ ու չէիք անհանգստանում, ապա գոնե ասեք` էդ ի՞նչ պատահեց, որ այս տոնով եք «հրաժարական» տալիս ու վերադառնում քաղաքականություն»:
7489 | 5
Facebook