Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուիլյամս քույրերը և տասնյակից ավելի ամերիկացի մարզիկներ դոպինգ են օգտագործում. նոր դոպինգ-սկանդալի մանրամասները

11:55, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
Ուիլյամս քույրերը և տասնյակից ավելի ամերիկացի մարզիկներ դոպինգ են օգտագործում. նոր դոպինգ-սկանդալի մանրամասները

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն թույլատրել է ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերին դոպինգ ընդունել։ Համապատասխան փաստաթղթերը հրապարակել է «Fancy Bear» հաքերային խումբը։ Փաստաթղթերի համաձայն՝ Սերենա Ուիլյամսը 2010, 2014 և 2015 թվականներին ընդունել է օքսիկոդոն, հիդրոմորֆոն, պրեդնիզոլոն, պրեդնիզոն և մեթիլպրեդնիզոլոն արգելված նյութերը։ Վինուս Ուիլյամսը 2010, 2011, 2012 և 2013 թվականներին ընդունել է պրեդնիզոն, պրեդնիզոլոն, թրիամցինոլ և ֆորմոթերոլ։ Դեղամիջոցներն ընդունելու հիմք հանդիսացող ախտորոշման մասին փաստաթղթերում տեղեկություններ չկան։ Բացի այդ, մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը 2016-ին դրական դոպինգ-թեստ է հանձնել։ Նրա մոտ մեթիլֆենիդատ և ամֆետամիններ են հայտնաբերվել։ Նա, սակայն, չի որակազրկվել և Ռիոյի օլիմպիական խաղերին 4 ոսկե մեդալ է նվաճել։ Փաստաթղթերում նշվում է, որ արգելված դեղամիջոցներ է օգտագործել նաև ԱՄՆ-ի կանանց բասկետբոլի հավաքականի անդամ Ելենա Դել Դոնը։ Նա 2014-ից սկսած հիդրոկորտիզոն է ընդունել։

«Fancy Bear»-ի պնդմամբ՝ Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ դոպինգ է հայտնաբերվել մեկ տասնյակից ավելի ամերիկացի մարզիկների մոտ, ովքեր, սակայն, թույլտվություն են ստացել օգտագործել այդ դեղամիջոցները՝ բժշկական նպատակներով։

WADA-ն հաստատել է այն փաստը, որ հակադոպինգային տվյալների բազան՝ ADAMS-ը, ենթարկվել է հաքերային հարձակման և համացանցում է հայտնվել փաստաթղթերի մի մասը։ Այս մասին հայտնել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ ITF-ի ներկայացուցիչը․ «ITF-ը հաղորդագրություն է ստացել WADA-ից այն մասին, որ ADAMS-ը հաքերային հարձակման է ենթարկվել»։

Ավելի ուշ WADA-ն հայտարարել է, որ հաքերային հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանն, իսկ հաքերային խումբը տեղակայվում է հենց այնտեղ․ «WADA-ն ափսոսում է տեղի ունեցածի համար և մտահոգված է սպառնալիքներով, որոնք կարող են հաջորդել ապօրինի կերպով ստացած տեղեկատվության հրապարակմանը։ WADA-ն դատապարտում է նմանատիպ գործողությունները, որոնք կատարվում են դոպինգի դեմ պայքարին խանգարելու համար։ WADA-ն տեղեկություններ է ստացել, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանից»,- հայտարարել է WADA-ի գլխավոր տնօրեն Օլիվեր Նիգլին։

Կրեմլը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները․ «Միանշանակ կարելի է ասել, որ պաշտոնական Մոսկվան, ռուսական ծառայությունները և կառավարությունը ոչ մի առնչություն չունեն նմանատիպ գործողությունների հետ։ Խոսք անգամ լինել չի կարող։ Դա լիովին բացառված է»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՄՕԿ-ն, իր հերթին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մարզիկները ոչ մի հակադոպինգային կանոն չեն խախտել․ «ՄՕԿ-ը հաստատում է, որ մարզիկներն, ում անունները նշված են փաստաթղթերի մեջ, Ռիոյի օլիմպիական խաղերի ընթացքում չեն խախտել ոչ մի հակադոպինգային կանոն»։

Մարզուհիները նույնպես անարձագանք չեն թողել իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքները։

Վինուս Ուիլյամսը նշել է, որ դոպինգն ընդունում է բուժման նպատակներով․ «Հիասթափված էի՝ իմանալով, որ իմ անձնական բժշկական տվյալները հրապարակվել են առանց իմ թույլտվության։ Ես միշտ հետևել եմ հակադոպինգային կանոններին։ Դա, մասնավորապես, վերաբերում է արգելված դեղամիջոցների՝ բժշկական նպատակներով ընդունելու թույլտվությանը։ Հաքերների հրապարակած դեպքերը դիտարկվել են անկախ բժիշկների անանուն խմբի կողմից՝ օրինական բժշկական նպատակներով։ Ես միշտ կողմ եմ եղել արդար սպորտին և միշտ հետևել եմ WADA-ի, USADA-ի, ITF-ի и «Tennis Anti-Doping Program»-ի կանոններին։

Սիմոնա Բայլզն, իր հերթին, հայտարարել է, որ տառապում է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով․ «Ես մանկուց տառապում եմ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշով, և մանկուց ընդունում եմ դեղամիջոցներ։ Խնդրում եմ, իմացեք՝ ես հավատում եմ մաքուր սպորտին և միշտ հետևել եմ կանոններին։ Կշարունակեմ դա անել, քանի որ արդար խաղի կանոնները առաջնային են սպորտի համար և շատ կարևոր ինձ համար»։

Բասկետբոլիստուհի Ելենա Դելե Դոնը հեգնել է հաքերներին՝ նշելով․ «Կցանկանայի շնորհակալություն հայտնել հաքերներին, ովքեր ողջ աշխարհին պատմել են, որ ես օրինական կերպով ընդունում եմ ինձ նշանակված դեղամիջոցները, որոնց հանդեպ WADA-ն բացառություններ է արել։ Շնորհակալ եմ, տղանե՛ր»,- գրել է նա։

7385 | 0
Facebook