Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Տեռորիստի անուն կցվեց իմ վրա». Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. «Առավոտ»

09:50, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
«Տեռորիստի անուն կցվեց իմ վրա». Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. «Առավոտ»
     «Առավոտ»-ը գրում է. ««Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասել է ամբաստանյալի կարգավիճակում գտնվող, Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը: Նա մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Նա դատարանում ցուցմունք տվեց, պատմեց, թե ինչ հանգամանքներում է ռազմամթերքն իր մոտ հայտնվել. «1999 թվականից ֆիլմեր եմ նկարում, իսկ 1992 թվականից աշխատել եմ ներքին գործերի նախարարությունում և ազգային անվտանգության ծառայությունում: 2005-ին պատերազմի մասին ֆիլմ էի նկարում, գրություն գրեցի այն ժամանակվա ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին, հատուկ հրաման դուրս եկավ, գնացի Ղարաբաղ, այնտեղ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նիստ եղավ, քննարկվեց ու մեր ֆիլմի համար ռազմամթերք հատկացվեց բավականին մեծ քանակությամբ»: Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը Գոռ Վարդանյանը Ղարաբաղյան հերոսամարտի 20 ամյա տարելիցին նվիրված է նկարել: «Ես չէի հասկանում ռազմամթերքից, բերեցին այդ մթերքը դատարկեցին դպրոցի բակում, հիշում եմ ուժեղ անձրև էր գալիս, կինոյի կազմով մի կերպ տեղավորեցինք դպրոցի ներսում: Մասնագետ չկար, ու ես չգիտեի՝ որն է պայթուցիկ, որը՝ չէ»: Մեղադրողն էլ Գոռ Վարդանյանից հետաքրքրվեց՝ ֆիլմի նկարահանման համար ՊՆ-ի կողմից տրամադրվել էր ընդամենը երեք հազար հատ անգնդակ փամփուշտ, գործին կցված փաստաթղթերում հիմնավորված է, ինչպես կբացատրեք: Պարոն Վարդանյանն ասաց, որ ԱԱԾ-ում հարցաքննության ժամանակ էլ են իրեն այդ հարցը տվել, ապա ասել՝ ՊՆ-ից թույլտվության թուղթ բերի, գործը կարճեն, ինքն էլ վերցրել է անհրաժեշտ թուղթը: «Ինչո՞ւ չեք հանձնել զինամթերքը, երբ ավարտել եք ֆիլմի նկարահանումը»,- իր հարցը շարունակեց դատախազը: Գոռ Վարդանյանն էլ ասաց՝ հանձնել է»:
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:
13097 | 1
Facebook