Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ալյուրի հարստացման Չիլիի ԱՆ պատասխանը հենց այնպես խոսակցություն է, մասնագիտական որևէ կարծիք չկա». Ալեքսանդր Սելիմյան

14:36, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Ալյուրի հարստացման Չիլիի ԱՆ պատասխանը հենց այնպես խոսակցություն է, մասնագիտական որևէ կարծիք չկա». Ալեքսանդր Սելիմյան

Բոլորովին վերջերս, ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ` դիվանագիտական խողովակով, պաշտոնական հարցում է կատարել Չիլիի առողջապահության նախարարությանը, թե երկրում ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու համակարգը ներդնելուց հետո արդյոք գրանցվե՞լ է քաղցկեղով հիվանդացության աճ, և որևէ պատճառահետևանքային կապ գոյություն ունի՞ քաղցկեղով հիվանդացության աճի և ալյուրի հարստացման միջև:

Նույն խողովակով ստացված պատասխանում Չիլիի առողջապահության նախարարությունը պաշտոնապես պատասխանում է, որ ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու համակարգը ներդնելուց հետո երկրում չի գրանցվել քաղցկեղով հիվանդացության աճ, ինչպես նաև որևէ պատճառահետևանքային կապ չկա քաղցկեղով հիվանդացության աճի և ալյուրի հարստացման միջև:

Ընդհակառակը, չիլիական կողմի պնդմամբ` ալյուրի հարստացումը հանգեցրել է որոշ հիվանդությունների աճի նվազման: Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել Հայաստանին աջակցություն ցուցաբերել ալյուրի հարստացման համակարգի ներդրման գործում ունեցած փորձի փոխանակման հարցում: Արգենտինայում ՀՀ դեսպանության խնդրանքով Չիլիի առողջապահության նախարարությունը կտրամադրի համապատասխան նյութեր և տեղեկանք` Չիլիում ալյուրի հարստացման համակարգի ներդրման և արդյունքների մասին:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում, կենսատեխնոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սելիմյանը` անդրադառնալով Չիլիի ԱՆ պատասխանին, ասաց, որ դրանք խոսակցություններ են, որում մասնագիտական որևէ կարծիք չկա: «Ես գիտեմ` դա մշակված ծրագիր է, դրա մեջ այնպիսի մեծ ընկերություններ են շահագրգռված, որոնք ամեն ինչ կանեն` իրենց նպատակին հասնելու համար: Այս խնդրի լուծումը բացարձակ չեմ տեսնում: Ես մի բան գիտեմ` ինչ ուզում ես արա, ուզում ես պայքարի, ուզում ես` ոչ, դա մեծ ծրագիր է, որը պետք է մեր առողջապահության նախարարությունն անցկացնի և վերջ: Չիլիի այդ պատասխանն էլ գիտենք՝ ինչ է նշանակում, դա որոշված հարց է և պետք է լուծում ստանա, ինչպես որ պլանավորել են»:

Հարցին, թե կարելի՞ է ՀՀ առողջապահության նախարարության այս հայտարարությունը դիտել իշխանություների կողմից քարոզչություն` Հայաստանում ալյուրը երկաթով հարստացնելու համակարգը ներդնելու ուղղությամբ, վաստակաշատ գիտնականը պատասխանեց. «Միանշանակ: Նրանք գիտեն՝ ինչ են անում: Երկաթի տարբեր տեսակներ կան: Մեզ մոտ ալյուրն ուզում են հարստացնել երկաթի սուլֆատով: Գիտե՞ք որն է ամենահետաքրքիրը, որ միակ երկիրն ենք աշխարհում, որտեղ այս խնդրի լուծումը գտնվել է դեռևս 2006-ին: Հայաստանն առաջին էր, որը հենց Առողջապահության նախարարության կողմից հետազոտման ենթարկեց այս հարցը և գտավ լուծումը, որին կարելի է հասնել ցորենի բնական թեփի միջոցով: Եթե կա դրա բնական տարբերակը, ինչո՞ւ եք խնդիրներ ստեղծում, որևէ մեկին հարցրե՞լ են, համաձա՞յն են, բնությունը բնական ճանապարհով արդեն տվել է այդ երկաթը, էլ ինչո՞ւ են ուզում հավելանյութերով հարստացնել»,- տարակուսեց նա` նշելով, որ նրանք, ովքեր լծված են ալյուրը երկաթով հարստացնելու գործին, մեծ հաճույքով իրենց գործն առաջ են տանում. «Դե իհարկե, կասեն Չիլիում նման հիվանդության աճ չկար, երեխաներին է դա պետք … մի պատճառ կգտնեն էլի»:

Հարցին, թե մասնագետների խումբն ի՞նչ միջոցներն է ձեռնարկում` ապացուցելու համար այդ ծրագրի վնասակարությունը, կենսատեխնոլոգն ասաց, որ ինքն անձամբ, այլևս բացարձակ անիմատ է գտնում այս խնդրի շուրջ պայքարելը և նշեց, որ դուրս է եկել այդ խմբից:

Մեր թղթակցի հետ զրույցում, «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանն նույնպես անդրադառնալով Չիլիի ԱՆ-ի վերոնշյալ պատասխանին, ասաց. «Որտե՞ղ է այդ պատասխանը: Եթե նրանց նախարարությունը տվել է գիտահետազոտական հստակ պատասխան, որ այդ այլուրը չի նպաստել քաղցկեղի ավելացմանը, այլ մի բան էլ նվազեցրել է այլ հիվանդություններ, ապա թող այդ պատասխան նամակը դնեն կայքում, որ ժողովուրդը կարդա, մենք էլ կարդանք, որպեսզի համոզվենք, որ այդ մարդիկ ճիշտ են ասում»:

Նա տեղեկացրեց, որ շուտով խնդրի հետ կապված կլինի համագումար. «Մեր մոտից ներկայացուցիչներ կգնան էնտեղ, կհանդիպեն տարբեր երկրների կառավարական անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կբերեն որոշ տեղեկություն և այն ժամանակ ես կհայտնեմ իմ կարծիքը: Ինչպես ասում են` փաստերով պետք է խոսել: Հենց այնպես խոսել չի կարելի»,- եզրափակեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահը:

3983 | 0
Facebook