Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն կաշառել է ԱՄՆ կոնգրեսականներին՝ նրանց թանկարժեք նվերներ տալով ու ճանապարհածախսերը հոգալով

12:01, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Բաքուն կաշառել է ԱՄՆ կոնգրեսականներին՝ նրանց թանկարժեք նվերներ տալով ու ճանապարհածախսերը հոգալով

Կոնգրեսի էթիկայի վարչության նոր զեկույցը հետաքրքիր մանրամասներ է բացահայտել ամերիկացի կոնգրեսականների՝ Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Ինչպես գրում է «International Business Times»-ը, վերջերս «Washington Times»-ի տրամադրության տակ հայտնված զեկույցի համաձայն՝ Կոնգրեսի 10 անդամներ և նրանց աշխատակազմերի 32 աշխատակիցներ երկու տարի առաջ մեկնել են Բաքու՝ մասնակցելու կոնֆերանսի, իսկ նրանց ճանապարհածախսն ամբողջությամբ ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից:

Աղբյուրը նշում է, որ նրանց ճամփորդությունը գաղտնի կերպով ֆինանսավորել է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR): 70 էջից բաղկացած զեկույցի համաձայն՝ ամերիկացի քաղաքական գործիչներն այդ նավթային ընկերությունից գաղտնի կերպով հարյուր հազարավոր դոլարներ են ստացել: Նավթային ընկերությունը հոգացել է նաև կոնգրեսականների՝ հյուրանոցում տեղակայվելու և նրանց թանկարժեք նվերներ տալու հարցը: Ընդհանուր առմամբ՝ կոնգրեսականների՝ 2013թ. այցը Բաքու SOCAR-ին արժեցել է 112,899 ամերիկյան դոլար:

Հաղորդվում է նաև, որ Բաքու մեկնած կոնգրեսականների թվում են եղել դեմոկրատներ Ռուբեն Հինոջոսան, Դենի Դեյվիսը, Շեյլա Ջեքսոն Լին, Իվետե Քլարքը, Միշել Գրիշամը, Գրեգորի Միքսը ու հանրապետականներ Ջիմ Բրայդեշտայնը, Սթիվ Ստոքմենը, Թեդ Փոն և Լեոնարդ Լենսը: Հանրապետականների ներկայացուցիչ Մայք Թըրնըրն այդ տարի նույնպես մեկնած է եղել Բաքու, սակայն՝ առանձին պատվիրակությամբ:

Կոնգրեսի էթիկայի վարչությունը հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

3071 | 0
Facebook