Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի տնտեսության ազդեցությունն ԱՊՀ երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության վրա. «Fitch»

15:10, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Ռուսաստանի տնտեսության ազդեցությունն ԱՊՀ երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի տնտեսության վրա. «Fitch»

«Fitch» միջազգային վարկանշային գործակալությունն անդրադարձել է Ռուսաստանի տնտեսության վատթարացման հետևանքներին՝ նշելով, որ այդ գործընթացն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև ԱՊՀ պետությունների տնտեսությունների վրա:

«Ռուսաստանի տնտեսության մեջ առաջացած խնդիրները որոշակի խոչընդոտներ և բարդություններ են առաջացնում նաև ԱՊՀ պետությունների տնտեսությունների համար, սակայն այդ բարդությունների աստիճանն ԱՊՀ տարբեր պետությունների համար տարբեր է լինում՝ կախված մի շարք գործոններից:

ՌԴ տնտեսական իրավիճակի՝ այլ երկրների տնտեսություններին վնաս հասցնելը պայմանավորված է ԱՊՀ երկրների հետ առևտրատնտեսական, ներդրումային և էներգետիկ խորը կապերով: Այդ ամենով պայմանավորված՝ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի պատճառով ամենից շատ տուժում են Հայաստանն ու Ուկրաինան: Սակայն համաշխարհային շուկայում նավթի գների անկման պատճառով ոչ պակաս վնաս է հասցվում նաև Ադրբեջանի և Ղազախստանի տնտեսություններին:

Բացի այդ, հարկ է նշել ևս մեկ հանգամանք. ստեղծված քաոսային վիճակի պատճառով ԱՊՀ երկրներում վերջին շրջանում գրանցվել են նաև ազգային արժույթների լուրջ տատանումներ: Ստացվում է այնպես, որ ռուբլու կտրուկ անկումն անուղղակի գործոն է, որն ազդում է տարածաշրջանի երկրների ազգային արժույթների վրա: Այդ ամենից զգալիորեն տուժել է նաև Ադրբեջանն, իսկ իրավիճակի՝ այսպես շարունակվելու պարագայում Ղազախստանի արժույթը կարող է իսպառ արժեզրկվել»,- նշում է գործակալությունը:

Աղբյուրն, անդրադառնալով ՌԴ տնտեսության թուլացման պատճառով ամենից շատ տուժած երկրին՝ Հայաստանին, նշում է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանից ապրանքների ներկրման ամենամեծ շուկան և օտարերկրյա ներդրումների ու դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը: Ուստի Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղեցումն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերի վրա: Նույն իրավիճակում է գտնվում նաև Ուկրաինան, որը, չնայած առկա հակամարտությանը, դեռևս գտնվում է Ռուսաստանից տնտեսական մեծ կախվածության մեջ, ինչն, օրինակ, չի կարելի ասել Վրաստանի մասին, որի տնտեսության զարգացումն այնքան էլ կապված չէ Ռուսաստանի տնտեսության զարգացման տեմպերի հետ:

4886 | 1
Facebook