Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանի ելույթը` ՄԱԿ-ում. «Հայաստանը նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձև»

10:35, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Էդվարդ Նալբանդյանի ելույթը` ՄԱԿ-ում. «Հայաստանը նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձև»

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։
     Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար` ինձ համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Մարդու իրավունքների խորհրդում այսօր ելույթ ունենալը, քանզի այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
     Վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է իր աշխատանքի թեմատիկ շրջանակները՝ առավել համապարփակ արձագանքելու աշխարհի տարբեր հատվածներում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին` ուշադրություն դարձնելով ամենախոցելի խմբերի պաշտպանության հարցերին: Կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը պահանջում է միջազգային հանրության արագ արձագանքը և գործողությունները, քանի որ ահաբեկչական խմբերը իրագործում են մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ:
     Մեկ շաբաթ էլ չի անցել այն օրից, երբ մենք բոլորս տեսանք սահմռկեցուցիչ տեսանյութը, թե ինչպես են այսպես կոչված «Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի թանգարանում ավիրում 2700-ամյա հուշարձանները: Քաղաքակրթության դեմ ուղղված այս ոճիրն աղաղակող հիշեցումն է անցյալում տեղի ունեցած նմանատիպ բարբարոսությունների` Բամիանի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների և Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի ոչնչացմանը: Բարբարոսները պատերազմ են հայտարարել քաղաքակիրթ աշխարհին:
     Այլոց քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից:
     Հայաստանը անվերապահորեն դատապարտել է ԻԼԻՊ-ի, Ալ Նուսրայի, այլ ահաբեկչական խմբերի կողմից իրականացված ոճրագործություններն ու վայրագությունները և կոչ է արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել այս նոր արհավիրքի դեմ, թույլ չտալ, որպեսզի ահաբեկիչները օգտվեն օտարերկրյա զինյալների և ֆինանսական հոսքերից, և այլ երկրների տարածքներն օգտագործեն` հարձակումներ իրականացնելու նպատակով։ Այս համատեքստում Հայաստանը միանգամայն սատարում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի լիակատար իրականացմանը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։
     Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` նախարար Նալբանդյանը շեշտել է. «Ահաբեկիչների կողմից սիրիական Դեյր Զոր քաղաքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ավիրումը, որը Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբատեղի էր, ցավալի, բայց, միևնույն ժամանակ, խորհրդանշական կապ է մարդկության դեմ անցյալում և այսօր գործած հանցագործությունների միջև:
     Հիրավի, «մարդկության դեմ հանցագործություններ» հասկացությունը, որպես այդպիսին, միջազգային իրավական համակարգ է ներմուծվել 1915թ. մայիսի 24-ին Դաշնակից տերությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հռչակագրում, որով նրանք նախազգուշացնում էին հայ ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունների կազմակերպիչներին»։
     Իր ելույթում նախարար Նալբանդյանը, անդրադառնալով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած բանաձևին, ասել է. «Մարդու իրավունքների խորհուրդն էական դեր է խաղացել պետությունների՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայից բխող պարտավորություններն ուղղորդելու մարդու իրավունքների համակարգված պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման բանաձևերի ընդունման գործում:
     Այս տարի Հայաստանը կրկին նախաձեռնել է ցեղասպանությունների կանխարգելման բանաձև: Առկա է միջազգային հանրության աճող համաձայնությունն առ այն, որ ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի մշտական ուշադրությունը և առավելագույն ջանքերը՝ առանց ստորադասելու այդ վեհ գաղափարը աշխարհաքաղաքական հաշվարկներին:
     Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու իրենց ջանքերում, և մենք կոչ ենք անում բոլոր անդամ-պետություններին` սատարելու այս բանաձևը, այնպես, ինչպես արվեց երկու տարի առաջ»։

2607 | 0
Facebook