Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սպայկա»-ն պետք է տեղեկացներ, որ մենաշնորհային պայմանագիր է կնքել Կրասնոդարի շուկայի հետ». գյուղացիներն ահազանգում են

12:20, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
««Սպայկա»-ն պետք է տեղեկացներ, որ մենաշնորհային պայմանագիր է կնքել Կրասնոդարի շուկայի հետ». գյուղացիներն ահազանգում են

Արդեն անդրադարձել էինք լուրերին, որ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ծիրան մթերողները չեն կարողանում Կրասնոդարի «Ռոզա վետռով» մեծածախ շուկայում ծիրան վաճառել: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ Կրասնոդարում իր հայրը նման խնդիր առաջ է կանգնել: «Հայրիկս զբաղվում է գյուղմթերք արտահանելով: Ամեն տարվա նման այս տարի էլ ծիրան պետք է արտահաներ այդ շուկա, բայց ի զարմանս նրա, երբ ծիրանով բեռնված գնացել է այդ քաղաք, պարզվել է, որ շուկայի տնօրինությունն անհատներից ծիրան չի գնում․ նրան զգուշացրել են, որ գնում են միայն «Սպայկա» ընկերությունից: Հայրիկս ստիպված ծիրանի մի մասն այլ շուկա է հանձնել, մի մասն էլ կես ճանապարհին փչացել է և ստիպված է եղել թափել: Մեր բողոքն այն է, որ եթե պայմանագիր էր կնքվել այդ շուկայի հետ, պետք է «Սպայկա»-ի տնօրինությունը հայտարարությամբ հանդես գար, գյուղացիներիս տեղեկացներ, որ մենք էլ հազարավոր կիլոմետրեր չկտրեինք ու նման խնդրի առաջ չկանգնեինք»,- ասաց մեր զրուցակիցը: Նա տեղեկացրեց, որ այսօր իրենք պարզել են, որ «Սպայկա»-ն էլ իր հերթին արդեն ծիրան չի գնում գյուղացիներից: «Էս տարի բերքն էնքան շատ ա, որ չգիտենք՝ ինչ ենք անելու: Հիմա էլ «Սպայկա»-ն ասում է՝ էս պահին ծիրան չենք կարող ձեզնից գնել: Պետք է մի փոքր սպասեք, հա, մենք կսպասենք, բայց ծիրանը սպասել չի կարող»,- ասաց գյուղացին: Նա տեղեկացրեց, որ այսօր համագյուղացիներով բողոքի ակցիա են իրականացնելու:
     Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր գյուղացիներն ահազանգում են, որ «Սպայկա» ընկերությունն, օգտագործելով իր մեծ հնարավորությունները, «փակել է» Կրասնոդարի մեծածախ շուկաներից մեկը՝ բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտահանողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկա»-ից են միայն ծիրան ընդունելու, ինչի դիմաց ընկերությունը մեծ գումարներ է վճարել տնօրինությանը: ՀՀԿ-ականները շտապում են հերքել մենաշնորհի մասին լուրերը, մինչդեռ նոր գրառումներ են հայտնվում «Ֆեյսբուք»-ում, որ «Սպայկա»-ն ոչ միայն Կրասնոդարի, այլև խոշոր այլ քաղաքների մեծածախ շուկաներ է փակել:

5386 | 4
Facebook