Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ.

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ.
Հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Կառավարությունում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է Արցախի հարցին, խաղաղության հնարավոր համաձայնագրին, ՀԱՊԿ-ի թեմային, ներքին խնդիրներին, հասարակական-քաղաքական զարգացումներին:

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
Այս թեման մեկնաբանել են`

Արտակ Զաքարյան, ՀՀԿ-ական գործիչ

Արտակ Զաքարյան, ՀՀԿ-ական գործիչ

Նիկոլն ասում է, որ «…երբ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղում սկսում են կասկածել, թե ի՞նչ դավադրությունների մեջ է Հայաստանի իշխանությունը: Դրա համար թող Լեռնային Ղարաբաղը ինքը բանակցի Ադրբեջանի հետ…»:
Այ քեզ բան, այ քեզ հայկական «պետության ղեկավար», այ քեզ անպատասխանատու մարդ, այ քեզ կլասիկ խառնակիչ ու մանիպուլյատոր… Մի՞թե կառավարության դավադիր քաղաքականության համար սրանից ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք կարող եք գտնել:
Իսկ ինչպե՞ս է, որ 1992թ-ից սկսած, երբ Հայաստանն էր բանակցում Ադրբեջանի հետ՝ Արցախում այդպիսի կասկածներ չեն եղել: Ընդհակառակը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էին պարբերաբար այցելում Ստեփանակերտ և պաշտոնական Երևանի հետ ճշտում դիրքորոշումները: Որովհետև նախ և առաջ Հայաստանն էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Որովհետև Արցախում էր սկսվում և ամրապնդվում Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրը և անկախ պետականության հիմքերը: Հիմա Արցախի և Հայաստանի ժողովրդի անվտանգությունը խարխլելուց հետո, հսկայական տարածքները՝ ստորագրությամբ թշնամուն հանձնելուց հետո, մուննաթ է գալիս, որ թող իրենք բանակցեն Բաքվի հետ, որպեսզի մեզ չկասկածեն…
Արցախից ձեռքերը լվանալու քաղաքականությունը ցինիզմի աստիճանի ցցուն է դարձել:
Բա որ մի օր արցախցիները որոշեն ու ցեղասպանական վտանգից խուսափելու համար, բոլորով միասին դուրս գան Արցախից, դուք հասկանում ե՞ք, որ հաջորդ օրվանից սկսած հայաթափվելու է նաև Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց Ձորը…
Դուք հասկանում ե՞ք, թե ի՞նչ աստիճանի անբարո քաղաքականություն եք վարում մեր խեղճ ժողովրդի ճակատագրի հաշվին:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում մի շատ վտանգավոր, հրեշավոր միտք է արտահայտել:
Նա ասել է, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»:
Սեփական քաղաքական, գուցե իրավական պատասխանատվությունից խուսափելու Փաշինյանի սևեռումը նրան հասցնում է վտանգավոր մի հանգրվանի:
Այսինքն, ստացվում է.
• խնդիրը ոչ թե վարվող նախապատերազմյան վտանգավոր դիվանագիտությունն էր, որ հնարավոր դարձրեց պատերազմը, այլ բանակը, որը դիվանագիտական ձախողման հետևանքով՝ ստիպված էր կռվել անհավասար պատերազմում,
• խնդիրը ոչ թե պատերազմը կառավարելու, այն ճիշտ պահին կանգնեցնելու Փաշինյանի անկարողությունն էր, այլ բանակը կամ նրա ներսում ներդրված «5-րդ շարասյունը»:
Փաշինյանը «մաքրվելու» խնդիր ունի՝ պատմության, հասարակության, սերունդների աչքերում, ու ենթադրում եմ՝ առաջիկայում «վհուկների որս» ենք տեսնելու, որպեսզի խայտառակ պարտության համար ով ասես «մեղավոր լինի», բայց՝ ոչ Փաշինյանը:
Նրան, իհարկե, չի հետաքրքրում դրանից հետո ի՞նչ կմնա բանակից ու չլսելու է տալու լեգիտիմ մի հարց՝ բա 2,5 ինչո՞վ էր զբաղված իշխանությունը, երբ բանակում «5-րդ շարասյունը» զարգանում էր կամ դրա գոյությունը Փաշինյանը չէ՞ր տեսնում, երբ պատերազմից մեկ ամիս առաջ, Տավուշի ավանտյուրայի օրերին, փառաբանում էր «դավաճանական» բանակը:
«5-րդ շարասյունը» Փաշինյանի համար հասցե ունի, դրա մասին նա «համեստորեն» լռեց՝ չկատարելու համար Խզմալյանի կամ Շիրինյանի հացը...:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ ԳՄ անդամ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ ԳՄ անդամ

Ինչպե՞ս է ՀԱՊԿ-ը դուրս գալիս Հայաստանից, եթե պատրաստ էր ռազմական օժանդակություն ու զորավարժություններ իրականացնել:

Աղասի Միքայելյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու 

Աղասի Միքայելյան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու 

Հայաստանը պարտվեց, որովհետև գործում էր 5-րդ շարասյուն։ Ն.Փ.
Տեսնես պատերազմը սկսվելու հենց առաջին օրն ո՞վ հայտարարեց, թե ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչելու։ Ո՞վ էր գյուղապետերի գլխավորությամբ ջոկատներ կազմում։ Ո՞վ էր տնից կասկա ու բրոնիժիլետ ուզում։ 5-րդ շարասյունը՞։ Պատասխան` այո:

Աննա Կոստանյան, նախկին պատգամավոր

Աննա Կոստանյան, նախկին պատգամավոր

ՀՀ դե-ֆակտո վարչապետ հանդիսացող անձը, ոչ միանշանակ լեզվական բառախաղի միջոցով, հավաստիացրեց, որ խաղաղության պայմանագրի փաստաթղթի ստորագրմանը, եթե մնա մեկ-երկու-երեք օր (հուշեց), ապա դա կլինի լավ նորություն, ոչ թե վատ, քանի որ դա նշանակելու է, որ մենք իբր թե ունենք առաջընթաց բանակցային գործընթացներում, սակայն դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ, բայց «կապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում» (հարց՝ ու՞մ հետ, մեկի, որը քո խոսքով ՀՀ-ի ձեռամբ Արցախում ցեղասպանության մանդա՞տ է ուզում ստանալ)։
Լեզվի սայթաքումով իմացանք, որ կան «խաղաղության պայմանագրի նախագծեր», հետո ինքն իրեն ուղղելով ասաց, որ կա իրականում մեկ նախագիծ, որի վերաբերյալ երկու-երեք օր առաջ ստացել են Ադրբեջանի արձագանքը։
Ի՞նչ առաջընթացի մասին ես խոսում, երբ ինքդ քո խոսքում պնդում ես, թե «ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերությունների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել» և որ «այդ տեսքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռքբերել, այդ թվում ՀՀ ստորագրությամբ» կամ որ «հետապնդում է այնպիսի գիծ, որ մենք պայմանագրի, նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չունենանք․․․»։
Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետացուն մեկ շեշտում է, որ կա առաջընթաց գործընթացում, մեկ ինքն իրեն հակասում՝ հիշելով Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը Արցախի հայության նկատմամբ, պայմանավորվածություններ խախտելու վատ պրակտիկան։ Իսկ կարո՞ղ է կողմնորոշվեիր՝ ի վերջո կա՞ էդ հարցում ապագա, թե՞ չկա (իհարկե չկա ու չի էլ կարող լինել, առնվազն քանի դու ես երկրի ղեկին)։
Չափազանց անընդունելի եմ համարում Արցախի հարցում այս տեսակ կրավորական դիրք ընդունելը։ Եթե արցախահայության հարցում ՁԵՐ (ենթադրում եմ քո ու խմբակիդ) «ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի ԼՂ ժողովուրդը», ապա ի՞նչ իրավունք ես ինքնդ քեզ վերապահում կամ ի՞նչ պարտավորություն ես ստանձնել ստորագրել մի պայմանագիր, որում Արցախի հարցն ամբողջությամբ թաղելու ես՝ արցախահայությանն էլ թողնելով կախյալ ալիևյան «մեծահոգությունից»։
Ֆիքսենք, որ ՀՀ դե-ֆակտո վարչապետացուն ՀԱՍՏԱՏԵՑ, որ «հիմա մեծ է լայնածավալ էսկալացիայի հավանականությունը Հայաստանի սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղում»։
Առայժմ այսքանը․․․․
Իսկ դուք, հարգելի՛ հայրենակիցներ, ինքներդ որոշեք՝ կա՞ արդյոք ապագա էս թշվառ, կամազուրկ, խաբեբա, դասական մանիպուլատոր, հակահայ, հակաԱրցախ առաջնորդի հետ, թե՞ ոչ:

Սենոր Հասրաթյան, Արցախի ՊԲ նախկին խոսնակ

Սենոր Հասրաթյան, Արցախի ՊԲ նախկին խոսնակ

- Մենք պատերազմում պարտվեցինք, որովհետև բանակում աշխատում էր 5-րդ շարասյուն... Այսօր 50-ից ավելի զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, որոնք աշխատում էին թշնամու օգտին, գտնվում են կալանքի տակ,- սա է, ըստ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի, 44-օրյա պատերազմում կրած մեր պարտության գլխավոր պատճառը...
Սա դեռ սկիզբն է... Սա նիկոլի ինքնաարդարացման «ճիչն» է հերթական մամուլի ասուլիսում: Իսկ, թե ինչպիսի «գոռոց» կբարձրացնի «հայկական նյուրինբերգում», դատեք ինքներդ...
Հ.գ.- Իրականում ՄԵՆՔ պարտվեցինք և շարունակում ենք պարտվել, որովհետև ազգին առաջնորդել և առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը, որովհետև այդ բախտախնդիրը ոչ միայն անհայրենիք է, այլ նաև երեկ և այսօր թշնամու օգտին աշխատող...:

Գևորգ Թոսունյան, լրագրող

Գևորգ Թոսունյան, լրագրող

300 հազար դոլար ո՞վ կտա՝ գնենք Բյուրեղ թաղամասում Սուրեն Պապիկյանի բնակարանը ու լավ գնով վաճառենք։ Ես ճիշտն ասած այդքան գումար չունեմ, նոր ասուլիսին էլ վարչապետին հայտնեցի, որ այս տարվա փետրվարին եկամտահարկի վերադարձով 48.5 քմ բնակարան եմ ձեռք բերել:
Ով տեղյակ չի, լուսավորեմ, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաների բնակարանների գործարքներին անդրադարձող լրագրողներին առաջարկեց էտ տները գնել, հետո վաճառել ու ապացուցել, որ իրենք էժանով են ձեռք բերել:

Արման Գրիգորյան, քաղաքագիտության դոկտոր

Արման Գրիգորյան, քաղաքագիտության դոկտոր

Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովից հետաքննություն սկսել 44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերում 5-րդ շարասյան գոյության մասին Փաշինյանի արած հայտարարության վերաբերյալ։ Պահանջում եմ սույն հանձնաժողովից նաև ԱԺ օրակարգ մտցնել վարչապետի իմպիչմենտի հարցը, եթե պարզվի, որ հայտարարությունը զուրկ է փաստական հիմքից, որովհետև առանց հիմքի սեփական երկրի զինված ուժերի դեմ նման բան ասող ղեկավարը պարզապես չի կարող շարունակել ղեկավարել այդ երկիրն ու այդ երկրի զինված ուժերը։ Զինված ուժերը նման ղեկավարին կսկսեն տեսնել որպես հաջորդ պատերազմում իրենց քավության նոխազ սարքելու պատրաստ մեկի, դրանից բխող սարսափելի հետևանքներով։ Դա նաև զինված ուժերի աչքում կասկածելի կդարձնի քաղաքացիական վերահսկողության նպատակահարմարությունը, նույնպես շատ վատ հետևանքներով։
Գիտեմ, որ պահանջս անիրատեսական պահանջ է։ Բայց եթե մենք նորմալ քաղաքական համակարգ ունենայինք, ես նման բան պահանջելու կարիք նույնիսկ չէի ունենա։ Դա տեղի կունենար համարյա ավտոմատ կերպով:

7024 | 0