Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հարցը

ուրբաթ, 11 հունվարի, 2019 թ.

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ 1996թ. կատարված դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին, հնարավոր է, ներում շնորհվի: Նշվում է, որ Արդարադատության նախարարության դատապարտյալների ներման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է ստացել Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը, և այն պետք է ներկայացվի ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Հարցը քննարկումների ալիք է բարձրացրել հանրության շրջանում:

Այս թեման մեկնաբանել են`

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Մարդասպանը պետք է մնա բանտում... Սարսափելի էր դիտել 22 տարի առաջ Իոսիֆ Աղաջանովի սպանության մասին հրապարակած տեսանյութը, որը հունվարի 10-ին հայտնվեց կայքերից մեկում... Ճիվաղ ՄԱՐԴԱՍՊԱՆ Մհեր Ենոքյանի կողմից կատարված այդ սահմռկեցուցիչ հանցագործությունը ոչ մի կերպ չի կարելի ներել... Սարսափելին այս ամենում այն է, որ այդ ճիվաղն իր կնոջ (ըստ սպանվածի հոր հրապարակած տվյալների այդ կինը մարդասպանի հետ ամուսնացել է 2013-ին)՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավար Զարուհի Մեժլումյանի ջանքերի և կառավարության որոշ անդամների բացահայտ հովանավորության արդյունքում ընդամենը մի քանի օր հետո կարող է հայտնվել ազատության մեջ... Հարգելիներս, այսպես իրավական պետություն չեն կառուցում... Ի՞նչ հիմնավորմամբ է սույն մարդասպանը ներման արժանացել... Ստացվում է, որ հասարակությանը սևրի և սպիտակների բաժանելուց հետո հիմա էլ հանցագործներին են «մերոնցականների» և «ձերոնցականների» բաժանում... Ու քանի որ որոշ հանցագործ-մարդասպաններ ինչ-ինչ կապերով մտերիմ են գործող իշխանությունների հետ, այսպես ասած «մերոնցական» հանցագործներ են, օրինակ՝ Մհեր Ենոքյանը, ապա նա պետք է հայտնվի ազատության մեջ... Սա խայտառակություն է և անընդունելի է... Մի հարց Ենոքյանին ներում շնորհողներին` ինչպե՞ս են այդ անձինք նայելու Իոսիֆ Աղաջանովի ծնողների, քրոջ, ընկերների և հարազատների աչքերին... Հուսանք` ՀՀ նախագահը և վարչապետը վերջ կտան այս իրավական բեսպրեդելին, որն ստեղծվել է մարդասպան Մհեր Ենոքյանի անվան շուրջ... Խստիվ պետք է պատժվեն նաև այն անձինք, ովքեր բացահայտ հովանավորչությամբ են զբաղված և իրենց պաշտոնեական դիրքերը չարաշահելով` փորձում են լավություն անել մարդասպանին... Մարդասպանին ներում նույնիսկ չի շնորհում աշխարհի թիվ մեկ ժողովրդավար երկիրը՝ ԱՄՆ-ն... ԱՄՆ իրավապահները գտնում են, որ մարդասպաներին ներում շնորհելով կդառնան նոր մարդասապանների «բուծման» պատճառ, ինչպես նաև դա վենդետաների պատճառ կարող է հանդիսանալ... Զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունները որևէ մտավախություն չունեն, երբ մարդասպանին ազատություն են շնորհում...

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Կա դատարանի վճիռ, որ Մհեր Ենոքյանը դաժան մարդասպան է։ Կա տեսանյութ, որտեղ այդ տղան խոստովանում է հանցանքը։ Կա տեղեկություն, որ այդ տղան տարիներ անց իրեն անմեղ է համարում։ Կա Արդարադատության նախարարության համապատասխան հանձնաժողով, որն անհայտ հիմքերով որոշել է ներում շնորհել ցմահ դատապարտված մարդասպանին, ով իրեն անմեղ է համարում։ (Թե այս դեպքում ներում շնորհել ի՞նչ է նշանակում, երևի հանձնաժողովը կիմանա)։ Ինչքան տեղյակ եմ, գործը կարող է նորից քննվել, եթե ի հայտ են գալիս նոր հանգամանքներ։ 20 տարուց ավել է անցել, բայց, ինչքանով որ տեղյակ եմ, դեռ գործի հետ կապված նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։ Դատարանի որոշումով ցմահ դատապարտված մարդասպանը հասցրել է կրթվել ու մեդիադաշտի միջոցով որոշակի դրական իմիջ ձևավորել։
Արդյո՞ք այդ հանգամանքը բավարա՞ր է նրան ազատ արձակելու համար...

Հայկ Բալանյան, քաղաքագետ

Եթե Մհեր Ենոքյանը ներվեց, ուերմն արադարացվելու ոչ մի հիմք չուներ: Ինքը կամ պիտի արդարացվի, եթե ամնեղ է, ինչպես պնդում են իր կողմնակիցները, կամ պիտի նստի իր ցմահը: Իսկ արդարացման հիմքեր չկան: Չի զղջացել, ոչ էլ այս տարիների ընթացքում սպանվածի ընտանիքից գոնե ինչ-որ ձևով ներողություն է խնդրել։ Բանտարկության տարիները փայլուն ապացուցեցին, որ իրական մարդասպանը, լիդերը, մտահղացման հեղինակը ու գլխավոր մեղավորը հենց ինքն է: Քսանքանի տարվա բանտարկություն, բանտի դաժան բարքերը Ենոքյանին չկոտրեցին, դարձրեցին ավելի ուժեղ: Ենոքյան օժտված է ինտելեկտով ու բարձր կամային հատկանիշներով, հեշտությամբ մանիպուլացնում է մարդկանց, իր կամքն է թելադրում իր հետ շփվողներին, չեմ զարմանա, որ օժտված է հիպնոզի բնական ունակություններով: Ի՞նչ ճնշում, ինչ այլ հանգամանքներ, նման մարդուն ո՞վ կարար ճնշել: Շատ ուժեղ անձ է: Նման, չզղջած, բարձր կամային հատկանիշներ ունեցող ու շատ ամբիցիոզ անձի ներումը վտանգ է հասարակության համար: Ինքը չի նստելու տունը գիրք գրի, ինքը դառնալու է մեդիա ու մշակութային դաշտի լիդերը, թելադրելու է իր կամքը, քանդելու է այդ ոլորտը, մտնելու է հանրային դաշտը, որ իր շեղված հոգեբանությամբ կշտացնի իր ամբիցիաները ու վրեժ լուծի բոլորից: Կրակն եք ընգնելու, պարոնայք: Կամ արդարացրեք, եթե անմեղ է, ըտեղ խնդիր չեմ տեսնում: Կամ ներում պիտի չլինի, որովհետև ինքը ներողություն չի խնդրել: Ներողություն չխնդրածին, ո՞նց եք ներում:


Հ.Գ Ու այդպես էլ ամբողջ ճշմարտությունը չի պատմել։
«Արամի կողմից Իոսիֆին սպանելու հիմնական պատճառը եղել է վերջինի քրիստոնյա լինելն ու նրա հրեական անունը»: Գժի դաս հո չի։

Լիզա Ճաղարյան, լրագրող

Ես չեմ նայել 19-ամյա տղայի դաժան սպանության մասին պատմող տեսանյութը. լուսանկարը տեսա ու հասկացա, որ չեմ դիմանա... Բայց այս զարհուրելի պատմության մեջ ինձ նաև մի հարց է հետաքրքրում` սպանել են ԵՐԿՈՒՍ-ով, մեկը ցմահ է դատապարտվել, մյուսը 15 տարի անց ազատ է արձակվել, բայց այդ երկրորդի ազատ արձակումը ոչ մեկի չի հետաքրքրում։ Ինչո՞ւ... Չէ՞ որ երկուսով են կատարել նույն հանցագործությունը։ Էդ ո՞նց պատահեց, որ հանդուրժվում է մեկի` ընդամենը 15 տարվա պատիժը, իսկ մյուսի քսան տարուց ավելի պատժից հետո ներումն այսքան ցավոտ է ընդունվում։ Մեղմ ասեմ՝ տարօրինակ չի՞...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Քանի օր է` գերթեժացած կրքերով քննարկվում է Մհեր Ենոքյանի ներման հարցը, ու փոխանակ իշխանությունը խնդիրը տանի պատկան ատյաններում, մասնագիտական միջավայրերում բաց ու թափանցիկ, ա՛յ հենց լայվ հեռարձակումով, քննարկելու, որպեսզի հասարակությունն էլ հետևի փաստարկված, խելոք քննարկումներին, խնդիրը նորից թողել է սոցիալական ցանցերում ու մարդիկ միմյանց են հոշոտում:

Գուրգեն Ասատրյան, ՀԱԿ անդամ

Եթե աշխարհում կա հանցանք, որը ներում չունի, արդարացում չունի, դա մարդասպանությունն է, բայց ինչքան հետաքրքրվում ու փորձում եմ ուսումնասիրել Աղաջանովի սպանության գործը, ավելի եմ խճճվում և անընդհատ հակասություների մեջ հայտնվում: Հիմա նշեմ այդ հակասություններից երկուսը`
1-ին՝ տարիներ շարունակ տուժող կողմը պնդել է, որ դիակը մասնատել են, բայց տեսանյութում երևում է որ մասնատում չկա, ի՞նչ նպատակով է նման կեղծիք տարածվել, 2-րդ՝ եթե գումարի համար են սպանել, ինչի՞ Աղջաանովի ոսկյա ցեպն ու խաչը չեն հանել...
Հ.Գ. Կտրականապես դեմ եմ ներում շնորհելուն, պետք է գործը վերաբացել ու ստանալ բոլոր մութ պատմությունների պատասխաները:

Արփի Մախսուդյան, լրագրող

Մահապատիժը կամ ցմահ ազատազրկումն ինձ համար անընդունելի է. այն զրկում է մարդուն վերադարձի, նորը լինելու, ներվելու հնարավորությունից... Բայց ես իրոք չեմ հասկանում Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրն այն դեպքում, երբ նա չի ընդունել իր մեղքը և իրեն մեղավոր չի ճանաչում: Չեմ հասկանում նաև, թե ինչու նախկին իշխանության օրոք, երբ գործը վերաբացելու շանսը շատ փոքր էր, նա պայքարում էր գործի վերաբացման համար, իսկ հիմա, երբ կա գործը վերաբացելու ավելի մեծ հնարավորություն, նա գնում է ներում ստանալու ճանապարհով:

Միխայիլ Աղաջանով, Իոսիֆ Աղաջանովի հայր

Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները` ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինն արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենն իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։

| | |
6261 | 0