Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծրագրավորման ժամ 2016»՝ կոդավորումից մինչև կիբերանվտանգություն. ՎիվաՍել-ՄՏՍ

17:20, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2016 թ.
«Ծրագրավորման ժամ 2016»՝ կոդավորումից մինչև կիբերանվտանգություն. ՎիվաՍել-ՄՏՍ

«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ` «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Միջոցառման գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է նոր տեխնոլոգիաներով և ծրագրավորմամբ հետաքրքրված բոլոր մարդկանց՝ անկախ տարիքից, սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:

Այս տարի միջոցառմանը զուգահեռ անցկացվեցին նաև վարպետության դասեր՝ ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների կողմից: Նրանք սովորեցրեցին մասնակիցներին, թե ինչպես ստեղծել մեծ համակարգեր, ինչպես նախագծել խաղեր և որքանով է կարևոր անվտանգ գաղտնաբառերի կիրառությունը: «Ծրագրավորումը զիլ գործ է: Տարեցտարի ավելի և ավելի շատ մարդիկ են ոգևորվում ծրագրավորմամբ: Ծրագրավորում սովորելու համար չկա տարիքային սահմանափակում, ամեն մեկը ցանկացած պահի կարող է սկսել սովորել: Այսօր առանց զգալի ծախսի ծրագրավորում սովորելու բազմաթիվ միջոցներ կան: Hour of Code-ի միջոցով ցանկանում ենք, որ այդ ոգևորիչ ճանապարհը մարդիկ սկսեն մեզ հետ»,- ընդգծեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: «Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակում՝ շատ կարևոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող։ Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաև ստեղծել։
Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու և հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

25250 | 0
Facebook