Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանի քաղաքապետը հայտարարում է, որ երթուղայինի գինը չի իջնելու. քաղաքացիները կշարունակեն բողոքի ակցիաները

14:35, երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2016 թ.
Կապանի քաղաքապետը հայտարարում է, որ երթուղայինի գինը չի իջնելու. քաղաքացիները կշարունակեն բողոքի ակցիաները

Սյունիքի մարզի Կապան քաղաքում 8 համարի երթուղայինի տոմսի թանկացման խնդրով կապանցիները երեկ հանդիպել են քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ: «Երեկ մենք քաղաքապետից հետաքրքրվել ենք, թե ինչու է թանկացել 8 համարի երթուղու տոմսի արժեքն այն դեպքում, երբ դիզելային վառելիքը և ավտոպահեստամասերի գներն էժանացել են: Աշոտը Հայրապետյանը պատասխանել է, որ ընդհանուր ամեն ինչը թանկանում է, ուստի թանկացել է նաև տրանսպորտի գինը: Մենք ասացինք, որ մարդիկ դժգոհ են, իսկ նա պատասխանեց, որ եթե հոգեբանական տեսանկյունից նայում ես` նորմալ է: Մարդը հոգեբանորեն պիտի դեմ լինի ցանկացած թանկացմանը»,- այս մասին MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց կապանցի Տիրայր Ղահրամանյանը: Նշենք, որ 8 համարի երթուղայինի տոմսի արժեքը նոյեմբերի 1-ից թանկացել է` 50 դրամից դառնալով 70 դրամ: Մեզ հետ զրույցում Կապանի ավագանու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանն էլ տեղեկացրեց, որ երեկ քաղաքապետը հայտարարել է, որ հիմնավորված է երթուղայինի գնի թանկացումը և երթուղայինի գինը ոչ մի դեպքում չի իջնելու: Նարեկն ասում է, որ իրենք իրենց պայքարը շարունակելու են, և սակագինն իջեցնելու համար ստորագարահավաք են իրականացնում: «Ստորագրահավաք ենք սկսել, որպեսզի թանկացման հարցը քննարկենք նաև ավագանու նիստի ժամանակ։ Ստորագրահավաքին միացել է 500 մարդ»,-ասաց Նարեկը: Ավագանու անդամը նշեց, որ որ բաց նամակով դիմել են տրանսպորտի և կապի նախարարին, վարչապետի օգնականին:
     «Երեկ արդեն վարչապետի օգնականից պատասխան նամակ ենք ստացել, մեզ տեղեկացրել են, որ հարցը քննարկման փուլում է և կարճ ժամանակահատվածում հստակ պատասխան կտրամադրեն: Այսօր էլ նորից նամակ ենք ուղարկելու քաղաքապետին, մարզպետին»: Մինչ այդ քաղաքում կլինեն բողոքի ակցիաներ, իրենք էլ կշարունակեն վճարել 50 դրամ: «Ի նշան բողոքի մենք մեր ավտոմեքենաներով ապահովում ենք քաղաքացիների տեղափոխումը՝ դրանով փորձելով զրկել գծատիրոջը եկամտից»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

5071 | 0
Facebook