Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տեղեկություններն էին հրապարակել, ըստ որի` հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել: ԱՊԱ-ն գրել էր, որ Հենրիկ Աղեկյանն ադրբեջանցի զինծառայողների կողմից ձերբակալվել է օգոստոսի 7-ին՝ Նախիջևանի հատվածում սահմանը հատելիս:
MAMUL.am-ի թղթակիցը պարզել է, որ նա Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ է` ծնված 1954-ին: Գյուղապետ Սերյոժա Պետրոսյանն ասաց, որ Հենրիկի` հակառակորդի կողմում գտնվելու մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան: «Օրեր առաջ է դուրս եկել տանից ու այլևս չի վերադարձել: Անհանգստացած ենք: Նման դեպքեր էլի են եղել, որ մի քանի օր չի երևացել, հետո հայտնվել է, բայց այս դեպքից տեղեկություն չունենք: ԶԼՄ-ներից ենք իմացել, որ ադրբեջանական կողմում է հայտնվել: Վերջին անգամ նրան տեսել եմ դաշտում` եղբոր հետ խոտ հավաքելիս»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Ս. Պետրոսյանը: Գյուղապետը հավելեց, որ Հենրիկ Աղեկյանը հաշմանդամ է, ունի հոգեկան խնդիրներ: