Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը հարկադրում է հավաքը մեկ այլ վայրում կազմակերպել

15:40, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
Ոստիկանությունը հարկադրում է հավաքը մեկ այլ վայրում կազմակերպել

Քիչ առաջ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «ՊՊԾ շենքը գրաված զինյալներն իրենց հայտարարության մեծ նշել էին, որ ծայրահեղ այդ քայլին գնացել են անելանելիությունից, քանի որ իրավիճակը բարեփոխելու, երկրի վայրընթացը կանխելու այլ ուղի չեն տեսնում, որովհետև իշխանությունները զրկում են մարդկանց ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտությամբ փոփոխություններ կատարելու իրավունքից: Շատ շատերն են այդպես կարծում և գտնում են, որ վիճակը փակուղային է: Իրականում այդպես չէ: Իրականում եթե ներքաղաքական իրողություններում գործի է դրվում զենքը, ապա դա վառ ապացույցն է այն բանի, որ քաղաքական միտք կրողները ծուլացել են կամ թերացել ու չեն արել անհրաժեշտ ուսումնասիրություններն ու հետևությունները: Այստեղ մեղքի առյուծի բաժինն ունեն ընդդիմադիր շարժումների առաջնորդները. չխորանալով երկրի ներքին կյանքի այսպիսին լինելու պատճառների մեջ, նրանք թերմտացված շարժումներով հուսալքության հասցրին ժողովրդին, իշխանություններին էլ դրդեցին չոչնչանալու համար իրենց ճամբար հրավիրել քրեական տարրերին, հարուստներին մենաշնորհներ պարգևել, ուժայիններին վարժեցնել ժողովրդին ոտնատակելուն:

Իրավիճակից անցնցում ելք կա: Այն գտնելու համար նախ հարկավոր է կարողանալ պարզել իրավիճակի պատճառները: Մեր քաղաքական այրերը գտել ու շարունակում են գտնել այս հարցի պարզունակ, մակերեսային պատասխանը (մեղավորը տվյալ պահի իշխանություններն են), ինչն էլ հանգեցնում է անհաջողությունների: Մենք վերջին քսանհինգ տարում երկու անգամ իշխանություն ենք փոխել, սակայն դրանից երկրի վիճակը չի բարվոքվել: Այս փաստն անգամ իմաստնություն չի բերում մեր քաղաքական դեմքերին, որպեսզի փորձեն դուրս գալ մակերեսային մտածումների հարթակից ու որոնեն իրավիճակից ելքը:
     Իրավիճակից ելքը, ասացինք, գտնելու համար հարկավոր է գտնել իրավիճակի առաջացման պատճառները: Այդ գործն արել և ելքն ուրվագծել են դեռ իննսուն տարի առաջ Հայկ Ասատրյանը, Նժդեհը, իրենց գաղափարակիցները: Ելքի այդ ուրվագիծը հաշվի է նստում իրականությունը որոշող երևույթների հետ և պարունակում է այդ երևույթների բացասական ազդեցությունը վերացնող կամ մեղմող քայլերի համակարգ, խթանում է ժողովրդի դրական՝ դասական-բնատուր հատկությունների տարածմանը:
     Մեր քաղաքական դաշտը ոչ միայն չբարեհաճեց ուսումնասիրել և որպես հիմք ընդունել մեր մեծերի այդ հետևությունները, այլև գտնվեցին ընդդիմադիր գործիչներ, ովքեր այդ հետևությունները համարեցին հնացած ու վտանգավոր: Արդյունքը եղավ քաղաքական օրինական պայքարի թվացյալ փակուղային վիճակը, որն էլ մարդկանց տանում է դեպի զենքը:

Ո՞րն է էությունն անցյալ դարասկզբին ուրվագծված ելքի: Նախ ընդունվում է, որ խնդիր ունի հենց ժողովուրդն ինքը. օտարի լծի տակ գտնվելով՝ ժողովրդի բնատուր հատկանիշները նահանջել են և դրանց տեղը գրավել են ձեռքբերովի հատկություններ, որոնք հակապետականաստեղծ են: Եվ խնդիր է դրվում, Նժդեհի տերմիններով ասած, վերանորոգել հայությանը: Իսկ դա արվում է ոչ թե քաղաքական պայքարով (այն, կարելի է ասել, հակացուցված է և վնասակար), այլ ժողովրդի առջև իր իսկ անցյալին համահունչ համամարդկային վեհ նպատակ դնելու, ժողովրդին այդ նպատակով հմայելու, դեպի այդ նպատակը շարժելու միջոցով: Ու շարժման ընթացքում ընտրանին աստիճանաբար իրականացնում է ժողովրդի վերանորոգում, և մի որոշ ժամանակ անց ունենում ենք այլ որակի ժողովուրդ, որն է, ինքնաբերաբար, այլ որակի իշխանություն կունենա:
     Մեր վիճակի վերափոխման թերևս միակ ուղին է վերոբերյալը:

Ահա Նժդեհի առաջարկն ընտրանու անելիքների վերաբերյալ՝ հետադարձ հեռանկարով վերականգնել իր ժողովրդի պատմության այս կամ այն դարաշրջանի հոգևոր կյանքը. հնագիտական պեղածոների դրսևորմամբ ճշտել նրա մշակույթի հանգրվանները. համեմատական լեզվագիտությամբ որոշել նրա լեզվի - որ ասել է` նաև նրա գիտակցության, նրա ոգու - հասակը, ապա` նրա տեղը մարդկության մեծ ընտանիքում. արդիական փիլիսոփայության լույսի տակ դնել նրա ավանդույթները, նրա էպոսը, առասպելները. սեղմ ասած` ժողովրդին ճանաչել տալ իր ողջ անցյալը, նշանակում է` նրա համար լիարժեք կյանքով ապրելու և ստեղծագործելու նախադրյալներ ստեղծել:
    
     Կունենա՞նք մենք բավարար խոհություն լսելու այս խորհուրդը, ապա վերելք կունենանք, իսկ եթե ոչ, ապա ներքին սրացումներն ու վհատությունն են լինելու մեր ուղեկիցը»:

3764 | 4
Facebook