Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրոտեսիլ» երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կկիրառի

11:35, հինգշաբթի, 12 մայիսի, 2016 թ.
«Եվրոտեսիլ» երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կկիրառի

Եվրոպական հեռարձակողների միությունը հանդիպել է Հայաստանի եվրոտեսիլյան պատվիրակության հետ` քննարկելու «Եվրոտեսիլ 2016» երգի մրցույթի ընթացքում տեսախցիկների առջև չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու դրվագը: Քիչ առաջ Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական էջը հայտարարություն տարածեց, որով խստորեն դատապարտում է Հայաստանի պատվիրակության կողմից իրականացված քայլը և որոշում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրոտեսիլ» երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը խստորեն դատապարտում են մայիսի 10-ին Եվրոտեսիլ 2016 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի ժամանակ «Կանաչ սենյակում», ուղիղ հեռարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի դրոշի հայտվելը` երևույթը եվրոտեսիլյան սկզբունքներին դեմ համարելով: Կանոնների համաձայն, «Եվրոտեսիլ» երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը որոշել է մրցույթը հեռարձակող հեռուստաընկերության, տվյալ դեպքում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ պատժամիջոցներ կիրառել: Պատժամիջոցի բնույթի մասին կհաղորդվի հունիսին կայանալիք Ռեֆերենտ խմբի հերթական հանդիպման ժամանակ: Մենք տեղյակ ենք եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հետագա լարվածության շարունակման մասին: Ուղիղ եթերում վիճահարույց տարածքի դրոշի ցուցադրումը համարում ենք «Եվրոտեսիլ 2016» երգի մրցույթի կանոնակարգի 1.2.2 կետի լուրջ խախտում, որտեղ մասնավորապես ասվում է. «միջոցառման ժամանակ արգելվում են քաղաքական ուղերձներ պարունակող, որևէ ընկերության, հաստատության, ապրանքանիշի գովազդային պաստառները»: Բացի այդ,միջադեպի պատճառով Եվրոպական հեռարձակողների միությունը զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարելու Հայաստանի պատվիրակության հետ: Եվրոտեսիլ երգի մրցույթի Ռեֆերենտ խումբը ցանկանում է տեղեկացնել, որ «Եվրոտեսիլ 2016» երգի մրցույթի ընթացքում կանոնների ցանկացած այլ խախտում կարող է պատճառ դառնալ Հայաստանին որակազրկելու կամ հետագայում մասնակցությունը շարունակել թույլ չտալու համար»:

31286 | 20
Facebook