Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մենք այսօր թատրոնի մասին այնպես ենք խոսում, կարծես լվացքատուն ենք մտել». Հրաչյա Գասպարյան

15:45, ուրբաթ, 26 փետրվարի, 2016 թ.
«Մենք այսօր թատրոնի մասին այնպես ենք խոսում, կարծես լվացքատուն ենք մտել». Հրաչյա Գասպարյան

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Գասպարյանն իր ուսանողներին ռեժիսուրա դասավանդելուց բացի առավել կարևորում է նրանց որպես մարդ և քաղաքացի դաստիարակելը: Նրա խոսքով` ռեժիսորի գործը շատ դժվար գործ է:

«Երբ դերասանները փորձում են ռեժիսուրայով զբաղվել, դրանից ավելի տխուր բան չկա, որովհետև դա ուրիշ մասնագիտություն է: Ռեժիսորն այդ ամենը կազմակերպելուց բացի պետք է բեմի զգացողություն ունենա»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսորը:

«Ես շատ եմ շփվում երիտասարդների հետ, իմ ղեկավարած արդեն 6-րդ կուրսն է ավարտում, և տեսնում եմ, որ տաղանդավոր երիտասարդները կորել են, չկան, զզվել են, հեռացել են, զբաղվում են ուրիշ գործով: Մենք ծրագիր չունենք և դրա պատճառով է, որ մրցակցություն չկա մեծերի ու երիտասարդների մեջ, դա բերում է նրան, որ ջահելները թողնում, գնում են, իսկ մեծերն սկսում են վատ աշխատել: Սա մասնագիտություն է, որ ամեն օր ու ամեն վայրկյան դու պետք է աշխատես, զարգանաս: Չի կարելի հնով ապրել: Անհնար է»,- համոզված է ռեժիսորը: Նրա կարծիքով, երբ մարդ չի իմանում, թե աշխարհում և թատրոնում ինչ է կատարվում, նա չի կարող բեմադրություն անել: «Նա կսկսի նույն հեծանիվը հայտնագործել»: Հրաչյա Գասպարյանի համոզմամբ` ռեժիսորը պետք է անհանգիստ լինի:

«Թատրոնը չի կարող էդպես հանգիստ մեռնել, հանգչել: Թատրոնում այդ ներվը, ռիթմը պետք է աշխատի: Եթե դա չի աշխատում, թատրոնը կամաց-կամաց ոչնչանում է: Եթե ռեժիսորը չի իմանում` այսօր ինչն է կարևոր աշխարհի, իր երկրի ու քաղաքի համար, ինքը ռեժիսոր չէ: Ես շատ ինտելեկտուալ մարդկանց եմ տեսել, բայց նրանք չեն կարող բեմադրություն անել»,- նշեց ռեժիսորը: Նրա խոսքով` ռեժիսորը մի մարդ է, ով կյանքի մոդել է ստեղծում: «Նա պետք է բեմում ստեղծի իրավիճակներ, որով վաղը մարդ կարող է ապրի: Իսկ մենք այսօր թատրոնի մասին այնպես ենք խոսում, կարծես լվացքատուն ենք մտել»:

Արվեստագետին մտահոգում է, որ կան մարդիկ, ովքեր ծերանում են 18 տարեկանում. «Սոս Սարգսյանն 80-ին մոտ էր, երբ հանեցին ռեկտորի պաշտոնից, նա հարցրեց. «Խելքս տե՞ղն է, մա՞ն եմ գալիս, խոսո՞ւմ եմ», ասացի` հա, կատակեց` «բա ինչի՞ են հանում…»:

Ռեժիսորի կարծիքով` արվեստի ճանապարհն ընտրած մարդը չպետք է շուտ վիրավորվի. «Գիտե՞ք՝ ինչքան են ինձ փորձել վիրավորել ու կոտրել: Չի ստացվել, որովհետև ես ունեի նպատակ և ասելիք…

«Միʹ կանգնեք»,- խորհուրդ է տալիս ռեժիսորը: «Հենց արվեստագետը կանգնում ու մտածում է, վեʹրջ, սա ինձ հերիք է, նա մեռած արվեստագետ է: Արվեստն ամենօրյա աշխատանք է պահանջում»,- համոզված է ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը:

5991 | 0
Facebook