Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խնդրում եմ ինձ տրամադրել մի ազնիվ մասնագետ, ով կապացուցի, որ 570 կՎտ/ժամ հոսանք չեմ սպառել». Կոտայքի մարզի բնակիչ

17:10, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
«Խնդրում եմ ինձ տրամադրել մի ազնիվ մասնագետ, ով կապացուցի, որ 570 կՎտ/ժամ հոսանք չեմ սպառել». Կոտայքի մարզի բնակիչ

Կոտայքի մարզի Նոր Գեղի Անդրանիկ փողոցի 32 տան բնակիչ Լուսինե Ասրյանն անելանելի վիճակում է հայտնվել: Ամռան երեք ամիսներին նրա հաշվիչն ավելի շատ է «գրել», քան սովորաբար ձմռան ամիսներին: Թաղամասի էլեկտրիկ Գագոն, ով Լուսինեի խոսքերով` ամեն գալուց անհավանական թվեր է ասում, կասկածների տեղիք է տվել: ՄԱՄՈՒԼ.am լրատվականին ահազանգած անօգնական քաղաքացին պատմում էր, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահել, երբ իր «շչոտչիկն» ահռելի չափերի հոսանք է ծախսել այն ժամանակահատվածում, երբ նա նույնիսկ տանը չի եղել, եղած ժամանակ էլ դրսում դրված վառարանն է օգտագործել, ինչը կարող են հաստատել նաև հարևանները: «Ստոմայով հիվանդ երեխա ունեմ, ամբողջ օրը հիվանդանոցներում եմ: Վառարանով եմ իմ գործերն անում, բայց մեր էլեկտրիկն ամեն անգամ գալիս, ասում է` 31 հազար դրամ, 28 հազար դրամ, 9 հազար դրամ… Նույնիսկ խանութներում, որ ամեն ինչ միացնում են, այդքան հոսանք չեն վառում: Երեկվա դրությամբ էլեկտրիկն եկել, ասում է, որ 31 հազար հոսանք եմ վառել: Ասում եմ` Գագո ջան, նույնիսկ իմ ամբողջ զակատ- մակտն եմ դրսի փեչով անում, բոլորը գիտեն, որ պետք եղած ժամանակ մեծ կաթսայով եմ ջուր տաքացնում, գործ անում, էդ որտեղի՞ց էդ 31 հազարը գոյացավ… Ամսի 1-ին էլ եկել ա, իրա գլխու շչոտչիկից թիվ ա գրել, գնացել: Մի քանի օր առաջ եկավ, թե` փողը չես մուծում, անջատում եմ: Անջատեց, գնաց: Իր հետևից մտել եմ հոսանքը շչոտչիկից միացրել եմ, քանի որ գիշերը մթության մեջ հիվանդ երեխայիս չեմ կարող խնամել»,- հուզված պատմում էր անօգնական մայրը:

Այնուհետև, Լուսինեն գնացել է Էլեկտրոցանց, ներկայացրել խնդիրը, մինչդեռ այստեղ ևս չեն հավատացել նրան և ուշադրություն չեն դարձրել վերջինի գանգատներին: «Այնտեղից զանգում են էլեկտրիկ Գագոյին, ասում են` էս բնակիչը բողոք ունի, մի հատ տես ի՞նչ ա ասում: Նա էլ ինչ ուզում, ասում ա, էնպես ա արդարանում, որ մի բան էլ ինձ են մեղադրում: Ոչ միայն ոչինչ չեն ձեռնարկում, այլև սուտասան են ինձ հանում, շիվարում, մնում եմ: Չկարողանալով հաստատել, որ թվերը կեղծված են, ճարահատված, Լուսինեն օգոստոսի կեսերին գնացել է էլեկտրոցանց, բողոքել, դիմում գրել, որ գան հաշվիչ սարքը փոխեն: Դրանից հետո դարձյալ անհամապատասխանություն է տեղի ունեցել, հոսանքի անհամեմատ բարձր թիվ է նշվել: «Երեկ առավոտյան եկել ա, 57 կիլովատը սարքել ա 570 կիլովատ ու գնացել: Եկեք իմ տուն, տեսեք, եթե իրոք 570 կիլովատի հիմքերը կան, եթե ես սխալ եմ, ինչ ուզում եք, ասեք»,- նեղսրտեց հուսահատ կինը: Բողոքավորը շարունակում է տարակուսել` «Եթե ես անընդհատ հիվանդանոցում եմ եղել հիվանդ երեխայիս հետ, ինչպե՞ս եմ այդքան հոսանք ծախսել»:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հոսանքի անցած ամսվա 31 հազար պարտքն ու այս ամսվա վճարը միասին կազմում են մոտ 60 հազար դրամ: Էլեկտրիկն էլ սպառնում է, թե կգա հաշվիչը կքանդի, կթափի: «Ամբողջ գիշեր հսկել եմ, որ չգան շչոտչիկս փոխեն` ապացուցելու համար, որ ես սուտ եմ ասում, նման դեպքեր եղել են, աչքս վախեցած ա»:

Լ. Ասրյանին հուսահատեցնում է այն, որ իրեն չեն հավատում: Բոլորը խոսքները մեկ արած` իր դեմ են աշխատում: Նա Խնդրում է` իրեն տրամադրեն ազնիվ մասնագետ, որը կապացուցի, որ ինքն այդքան գումար չի սպառել:

Լուսինեն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, միայնակ է, ունի 6 երեխա: Իր ներկայացմամբ, նույնիսկ երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել. «Հաց չեմ գտնում, ես քեզ որտեղի՞ց 60 հազար փող տամ»,- դառնացած ասում է մեր զրուցակիցը:

7250 | 1
Facebook